ԿԿարմեն Ղուկասյան

Համաձայնագիրը կնպաստի «Հյուսիս-հարավ» միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացմանը և վթարայնության նվազեցմանը

Համաձայնագիրը կնպաստի «Հյուսիս-հարավ» միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացմանը և վթարայնության նվազեցմանը

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 26-ին:

Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ Քաջարանի թունելի շինարարության և M2 ճանապարհի մի հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար:

Վարկը տրամադրվում է տարեկան 4 տոկոս ֆիքսված տոկոսադրույքով, վարկի մարման ժամկետը մինչև 20 տարի է, որից արտոնյալը՝ մինչև 5 տարի:

Համաձայնագրով սահմանվում են վարկի տրամադրման, սպասարկման և մարման ընթացակարգերը, վարկը ստացողի կողմից ծրագրի իրականացման մշտադիտարկման, գնահատման և աուդիտի կարգը և այլն:

Ընդհանուր առմամբ, Համաձայնագրի նպատակն է՝ «Հյուսիս- Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումը և վթարայնության նվազեցումը:

«Ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 7 կմ երկարությամբ Քաջարանի թունելի կառուցման և գոյություն ունեցող M2 ճանապարհի շուրջ 4 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները: Նշեմ, որ Քաջարանի թունելի նախագծումն ավարտվել է և այն իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան: Թունելն ապահովված կլինի, ըստ նախագծային լուծումների, լուսավորության, օդափոխության, հակահրդեհային ժամանակակից համակարգերով»,- նախագիծը ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը:

Թունելի սալահատակի տակ կառուցվելու է անվտանգության թունել, որը ծառայելու է հնարավոր արտակարգ իրավիճակներում մարդկանց տարհանման համար: Թունելը կունենա 14 վթարային ելք, որոնք կկապեն անվտանգության և հիմնական թունելները:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ Սյունիքի մարզում տարբեր ծրագրերի շրջանակում կկառուցվեն ընդհանուր առմամբ շուրջ 20 կմ երկարությամբ թունելներ, կարևորվել է թունելների պահպանման, շահագործման և անվտանգության նոր ստանդարտների մշակումը, ինչպես նաև ծրագրի շրջանակում կներդրվի թունելների կենտրոնացված կառավարման և մոնիթորինգային արդիական համակարգ:  

«Ծրագրի իրականացման արդյունքում գործող երթուղին կկրճատվի շուրջ 14 կիլոմետրով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը շուրջ 50 կմ/ժ-ից կհասնի հաշվարկային մինչև 80 կմ/ժ արագության: Մոտ 40 րոպեով կկրճատվի Քաջարանից Ագարակ ճանապարհահատվածի երթևեկության ժամանակը, կնվազի նաև Մեղրու լեռնանցքի օգտագործումը»,- տեղեկացրեց Ղալեչյանը: 

Հաշվի առնելով վերոգրյալը, «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքով՝  արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում