ԴԴավիթ Մուրադյան

Բայդենն Ալիևին կոչ է արել այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը

Բայդենն Ալիևին կոչ է արել այս տարի ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը

ԱՄՆ նախագահը իր հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ նամակ է հղել Ադրբեջանի նախագահին: Նշվում է, որ Ջո Բայդենը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ, ընդգծել, որ դա կծառայի երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Սպիտակ տան ղեկավարը հավատացրել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել կողմերի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, որը վերջ կդնի երկարամյա հակամարտությանը։

Ըստ հաղորդագրության՝ «Բայդենը շեշտել է, որ խաղաղության պայմանագիրը ոչ միայն կապահովի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլև կվերափոխի ամբողջ տարածաշրջանը, կծառայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրի, ներդրումների և կապերի զարգացմանը»:

«COP29-ի ֆոնին աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվի վրա: Սա եզակի հնարավորություն է՝ ցույց տալու համաշխարհային հանրությանը ձեր հանձնառությունը խաղաղությանը: Պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ աշխատանքը վերջնականացնելու համար երկու կողմն էլ պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերի և փոխզիջումների գնա: Վստահ եմ, որ դուք կօգտվեք այս հնարավորությունից: Կոչ եմ անում այս տարի ավարտին հասցնել պայմանագիրը»,- նշել է Բայդենը։ 

ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: 

«Խնդրել եմ Եվրոպայի գծով իմ օգնական Մայքլ Քարփենթերին ներկայացնել ձեզ որոշ քայլեր, որոնք մենք պատրաստ ենք նախաձեռնել, ինչպես նաև տեղեկություն ստանալ Հայաստանի հետ քննարկումների մասին»,- գրել է Բայդենը:

Նախագահը հույս է հայտնել, որ Բաքուն կօգտվի առկա հնարավորություններից, տարածաշրջանային նոր կուրս կվերցնի, որը հիմնված կլինի ընդհանուր բարգավաճման գաղափարի վրա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում