«Միլթոն» փոթորիկը հասել է Ֆլորիդա նահանգ՝ հայտնում է ԱՄՆ Փոթորիկների ազգային կենտրոնը (NHC):
Սիեստա Քիի մոտակայքում քամին շարժվում է մոտ 200 կմ/ժ արագությամբ և ուժեղ պոռթկումներով։
Փոթորիկը մահացու ալիքներ է առաջացրել Ֆլորիդայի ափի մեծ մասում, ներառյալ՝ խիտ բնակեցված տարածքները, ինչպիսիք են Տամպան, Սենթ Պիտերսբուրգը, Սարասոտան և Ֆորտ Մայերսը:
Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհեր կան Ֆլորիդայի արևելյան ափի Սենթ Լյուսի շրջանում, ավերվել է մոտ 125 տուն, հիմնականում՝ շարժական տներ: Ֆլորիդայում ավելի քան 2 միլիոն մարդ հոսանքազրկված է։
Փոթորկի պատճառով նահանգում սպասվում են տոռնադոներ, կարկուտ, փոթորիկ, ուժգին քամիներ և մինչև 46 սմ տեղումներ։ Բացի դրանից՝ «Միլթոնը» կարող է ուժեղ ջրհեղեղներ առաջացնել ամբողջ նահանգում:
Վերջին տվյալներով՝ փոթորիկը շարժվում է Կենտրոնական Ֆլորիդայի տարածքով և սպասվում է, որ այն ուժգնությունը կպահպանի մինչև հինգշաբթի առավոտ:
Նահանգապետ Ռոն Դեսանտիսը հայտարարել է, որ փոթորկի հետևանքների դեմ պայքարում է Ֆլորիդայի ազգային գվարդիայի մոտ վեց հազար, մյուս նահանգներից՝ երեք հազար զինծառայող։