ՀՀ-ում աշխատանքի անցած ԼՂ-ից տեղահանվածների՝ ԼՂ-ի և ՀՀ-ի կենսաթոշակային ֆոնդերը կմիանան. նախագիծ

ԼԼուսինե Մուրադյան

ԼՂ-ի այն անձինք, որոնք աշխատում են ՀՀ-ում և կուտակային կենսաթոշակների մասին օրենքների համաձայն՝ կատարում են սոցիալական վճարներ, փաստացի հանդիսանում են ՀՀ կուտակային համակարգի մասնակից, նշանակում է, որ այդ անձինք ունեն 2 կենսաթոշակային հաշիվ 2 առանձին համակարգերում: Կենսաթոշակային համակարգի մասնատումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների՝ ինչպես սոցիալական քաղաքականության, այնպես էլ տեխնիկական տեսանկյունից: Այդ մասին Ազգային ժողովի հունիսի 11-ի նիստին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով խնդրի լուծմանն ուղղված՝ «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» նախագիծը:

«Նախագծով առաջարկվում է սահմանել ԼՂ կուտակային համակարգում ձևավորված կեսնաթոշակային խնայողությունները ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու հնարավորությունը: ԼՂ կուտակային համակարգի մասնակից հանդիսացող անձը կարող է դիմել իր կենսաթոշակային խնայողությունների տեղափոխման համար, իսկ չդիմելու դեպքում ֆոնդի մասնակիցների ռեեստր վարողն է ապահովում կենսաթոշակային խնայողությունների՝ ՀՀ կուտակային համակարգում գործող կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը»,- ասաց նախարարի տեղակալը:

Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը ներկայացրեց նախագծով առաջարկվող էական փոփոխությունը. «Կանոնակարգում ենք այն հանգամանքը, որ ԼՂ-ի այն հայրենակիցները, որոնք անցել են աշխատանքի ՀՀ-ում և վճարում են կենսաթոշակային ֆոնդին, այդ կենսաթոշակային ֆոնդերը միանում են իրար»:

Նախագծի քննարկման շրջանակում ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ տեղեկացնելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները դիմել էին իրեն այս խնդրով, և Թունյանն էլ իր հերթին դիմել է փոխվարչապետին: Այս նախագիծը խնդրի լուծումն է:

«ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին, գործարարներին և ֆիզիկական անձանց տեղեկացնենք, որ վաղն ամբողջությամբ նախագիծն ընդունված կլինի, և իրենց խնդիրը լուծված կլինի»,- ասաց Թունյանը:

Նշենք, որ նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի 24-ժամյա ռեժիմով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում