ԳԳոհար Սարգսյան

Որ դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով. ԱՆ-ն մանրամասներ է հայտնել

Որ դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով. ԱՆ-ն մանրամասներ է հայտնել

Հաշվի առնելով քաղաքացիների կողմից էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ տարբեր հարթակներում տեղ գտած մտահոգությունները` առողջապահության նախարարությունը առանձնացրել է 10 ամենատարածված հարցերի պատասխանները` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ:

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է՝

անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, համակարգային ազդեցությամբ (ներքին ընդունման` դեղահաբ, օշարակ, դեղապատիճ և այլն, ինչպես նաև ներարկման դեղաձևեր) հակավարակային` հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր, ինչպես նաև հորմոնային և միզոպրոստոլ պարունակող դեղեր:

2. Ինչպե՞ս եմ ձեռք բերելու բժշկի`  էլեկետրոնային դեղատոմսով նշանակած դեղը:

Ցանկացած դեղատուն պետք է միացված լինի «Արմեդ» համակարգում և ունենա հնարավորություն վաճառելու բոլոր տեսակի դեղատոմսերով դուրս գրվող դեղերը: 

Քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած դեղատուն, ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ`

  • անձնագիր, նույնականացման քարտ
  • կամ հանրային ծառայության համարանիշ (սոցքարտ):

Դեղատան աշխատակիցը, մուտք գործելով համակարգ, տեսնում է բժշկի կողմից դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսը, դեղի անվանումը, քանակը, և բաց է թողնում համակարգից: Քաղաքացին, ելնելով իր ֆինանսական միջոցներից, կարող է նաև բուժման ամբողջ կուրսի համար անհրաժեշտ քանակը ձեռք բերել մասնակի: 

3. Որտե՞ղ ծանոթանամ դեղատոմսով դուրս գրվող դեղերի անվանացանկին: 

https://moh.am/uploads/parzabanum_01.03.2024%20(2)%20(1).pdf

4. Գիշերը, ոչ աշխատանքային ժամերին, եթե  քաղաքացին կարիք ունի դեղատոմսի, ի՞նչ պետք է անի: 

Տվյալ որոշումը չի սահմանափակում այն դեղերի ձեռքբերումը, որոնք անհետաձգելի կամ սիմպտոմոտիկ բուժման համար են: Այսինքն` էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերը բացառապես ախտորոշումից, անհրաժեշտ հետազոտությունից հետո նշանակվող դեղերն են: 

Օրինակ` բրոնխիտի կամ տոնզիլիտի դեպքում հակաբիոտիկները նշանակվում են միայն հետազոտությունից հետո, երբ բժիշկը համոզվում է, որ տվյալ ախտորոշումը բակտերիալ է, այլ ոչ վիրուսային, և նշանակում է հակաբիոտիկ:

5. Ինչպե՞ս է ապահովվելու դեղատներում դեղի տրամադրումը`  հոսանքի կամ համացանցի խափանման ժամանակ: 

Տեխնիկական խափանումների դեպքում բացթողումը կիրականացվի ժամանակավորապես թղթային տարբերակով: Տեխնիկական խնդիրը կարգավորելուց հետո այն մուտքագրվում է համակարգ` վերջինիս հասանելիությունը վերականգնվելուց հետո նույն օրվա ընթացքում։ Բացի այդ, դեղատանը դեղերի պահպանման, հատուկ ջերմային ռեժիմի ապահովման համար, ինչպես նաև հարկային կտրոնների տրամադրման համար նույնպես անհրաժեշտ է հոսանքի այլընտրանքային աղբյուրների առկայություն, ուստի դեղատունն իր գործունեությունն իրականացնելու համար պետք է ապահովված լինի էլեկտրաէներգիայով:

6. Ի՞նչ ժամկետում կարող է անձը բժշկի նշանակումը ձեռք բերել դեղատնից:

Դեղատոմսն ուժի  մեջ է միանվագ բացթողման դեղի դեղատոմսի դեպքում` 30 օր, իսկ բազմակի բացթողման դեղի դեղատոմսի դեպքում` 180 օր: 

7. Քրոնիկ հիվանդությունների դեպքում (օրինակ` շաքարային դիաբետ, գերճնշում, սրտանոթային հիվանդություններ, քաղցկեղ) բժիշկը կարո՞ղ է բուժառուի դեղերը դուրս գրել անժամկետ: 

Անժամկետ որևէ դեղատոմս դուրս չի գրվում, քանի որ ցանկացած հիվանդություն` սուր, քրոնիկ, թե քրոնիկի սրացում, պետք է հսկվի բժշկի կողմից և սահմանվի դինամիկ հսկողություն: Կան հիվանդություններ, որոնց դեպքում նշանակվում է երկարաժամկետ դեղորայք և կարող է միանգամից 180 օրվա համար դուրս գրվել բազմակի բացթողման դեղի դեղատոմսով:  Բժիշկը կարող է  նշանակել դեղ` 180 օրվա համար, բայց դուրս գրել 30 օրը մեկ, որպեսզի իրականացվի բուժառուի առողջական վիճակի դինամիկ հսկողություն: 

8. Օրինակ` բժիշկը «Արմեդում» դուրս է գրում  10 օրվա դեղ, բայց բուժառուն հարմար է գտնում գնել 5 օրվա համար, դեղատան աշխատակիցը կարո՞ղ է տրամադրել քիչ քանակությամբ:

Բուժառուն իրավասու է գնել մասնակի կամ ընդհանրապես չգնել դեղատոմսով դուրս գրված դեղը. ժամկետի ավարտին դեղատոմսը կչեղարկվի, սակայն նման հարց չպետք է առաջանա, քանի որ եթե բժիշկը ցուցումով նշանակել է 10 օրվա դեղ, ապա այն պետք է ընդունել պատշաճ: Հակաբիոտիկների դեպքում, օրինակ, հակաբիոտիկների նկատմամբ դեղակայուն ձևերն առաջանում են անհարկի օգտագործման և նշանակված չափաքանակը խախտելու պատճառով: 

9. Ամեն անգամ պետք է հետազոտության և բժշկի նեղ մասնագիտական խորհրդատվության համար վճարե՞մ` դեղ նշանակելու համար:

Էլեկտրոնային դեղատոմսը ներդնելուց հետո բուժման պրոցեսի մեջ ոչինչ չի փոխվում:

Առողջության առաջնային պահպանման օղակում բժշկի խորհրդատվությունն անվճար է: Եթե բժիշկը նշանակում է հետազոտություններ և այց` ամիսը մեկ կամ վեց ամիսը մեկ, ապա դա պետք է ապահովվի: 

Իսկ եթե առկա է նեղ մասնագետի խորհրդատվության կարիք, ապա վերջինս կարող է դուրս գրել դեղատոմսը 6 ամիս ժամկետով կամ տալ  խորհրդատվության թերթիկ, որում նշված դեղն էլեկտրոնային եղանակով ամեն ամիս դուրս է գրում տեղամասային թերապևտը: 

Բժիշկ-հիվանդ հարաբերությունները պետք է հստակ սահմանվեն և ցանկացած նշանակում պետք է կատարվի` կլինի դա հետազոտություն, թե դեղորայքային բուժում: 

10. Օնլայն դեղատներից հնարավոր կլինի՞ ձեռք բերել էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրված դեղերը: 

Առցանց դեղատներից գնումները կիրականացվեն այնպես, ինչպես ներկայումս. նշվում են անձնական տվյալները, համակարգում ստուգվում է դեղատոմսի առկայությունը, դեղագետն  ակտիվացնում է դեղատոմսը և  դուրս գրում առաքվող դեղը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում