Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք. Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին

ԿԿարմեն Ղուկասյան

Նիստը վարողի իրավունքով խորհրդարանում «Հայոց պատմություն» թե «Հայաստանի պատմություն» բանավեճի շրջանակում արտահերթ ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցություն պատգամավորներ Արթուր Խաչատրյանի և Գեղամ Նազարյանի մեղադրանքներին:

«Թվում է, թե պարզ հարց է, բայց դուք գնացիք, հասաք այլ թեմաների, որոնք այս հարցի հետ ընդհանրապես կապ չունեն: Ի դեպ, այլ թեմաների շրջանակներում ես ուզում եմ հիշեցնել, որ Դաշնակցության միանձնյա կառավարման շրջանում Հայաստանի Առաջին Հանրապետությունը կորցրել է իր տարածքների մեծ մասը, որոնք անցել են Թուրքիային, հետո էլ կորցրել է իր անկախությունը: ՔՊ-ն չէր, չէ՞ 1920 թվականին կառավարում, երբ Հայաստանը կորցրեց իր անկախությունը:

Բայց դրա մասին չէ խոսակցությունը: Հիմա պարզ հարց եմ տալիս՝ Հայաստան բառի հետ ինչ խնդիր ունեք: Հիմա եթե քննարկում ենք հարցը, ես էսպես եմ մտածում՝ հայ ժողովրդի պատմությունը պատմություն է մի ժողովրդի մասին, որը միշտ պայքարել է մի պետություն ունենալու համար, պարբերաբար կորցրել է պետականությունը, չի վհատվել, դարեր շարունակ պահել է պետականության գաղափարը և երազանքը, և տարբեր կետերում վերականգնել է այդ պետականությունը, և ի երջանկություն բոլորիս՝ հիմա մենք ապրում ենք ազատ և անկախ Հայաստանում: Խնդիրը ո՞րն է:

Պարոն Նազարյանն ասաց (պատգամավոր Գեղամ նազարյան - խմբ.)՝ գուցե պետք է անվանել «Հայաստանի և հայ ժողովրդի պատմություն»: Ես դրան դեմ եմ հետևյալ պատճառով՝ արդյոք հայ ժողովրդի պատմությունը և Հայաստանի պատմությունը տարբե՞ր են: Իմ կարծիքով՝ դա նույն բանն է»,- ասաց Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ հարցը հետևյալն է, թե մենք որ դիտանկյունից են դիտում մեր պատմությունը, արդյոք մենք կարծում ենք, որ կա ինչ-որ առանձին հայ ժողովրդի պատմությո՞ւն, որը նույնական չէ Հայաստանի պատմությանը:

«Ես կարծում եմ՝ ոչ: Խնդիրը չեմ հասկանում: Մեր պատմությունը պատմություն է Հայաստանի մասին, ի՞նչ խնդիր կա: Եվ երբ դուք ասում եք՝ հակադրում եք ժողովուրդը պետությանը, դո՛ւք եք հակադրում, որովհետև մեր տեսանկյունից Հայաստանը և հայ ժողովուրդը անբաժան են: Չի կարող լինել ժողովրդի շահ, որը անջատ է Հայաստանի շահից: Ինչի՞ մասին ենք մենք ընդհանրապես խոսում»,- հայտարարեց Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է Արթուր Խաչատրյանի՝ կապիտուլյանտ քաղաքական ուժ լինելու մեղադրանքներին, խորհուրդ տվեց վերընթերցել Դաշնակցության տարբեր ներկայացուցիչների հուշերը 1918-1920 թվականների մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում