Ալիև-Փաշինյան երեկվա բանավեճում ևս մեկ անգամ վերահաստատվեց, որ Հայաստանի համար արտատարածքային միջանցքի տրամադրումը կարմիր գիծ է: Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Ըստ կառավարող ուժի պատգամավորների՝ երկու փաստաթղթերի ստորագրման վերաբերյալ մամուլի հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը: Այս պահին կա Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող միայն մեկ փաստաթղթի նախագիծ, և այդ քննարկումները շարունակվում են:
«Ես հասկանում եմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո որոշ շրջանակների համար շատ ձեռնտու է դարձել խոսել հապճեպ կնքվող փաստաթղթի մասին: Պետք է փարատեմ ձեր բոլորի կասկածները: Եթե խոսում են խաղաղության պայմանագրի մասին (այսպես անվանենք այդ փաստաթուղթը), ապա այն միջազգային պայմանագիր է, որը պետք է անցնի բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը: Այսինքն՝ 1 վայրկյանում, 1 օրվա մեջ, 1 ժամում, 1 բանակցությունների ընթացքում այդ փաստաթղթի ստորագրում, վավերացում, ուժի մեջ մտնել չի կարող տեղի ունենալ»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ դրական է դիտարկում տեղի ունեցող գործընթացը, ապա հավելեց. «Փաստաթուղթը ենթակա է համապատասխան ներպետական ընթացակարգեր անցնելուն և ուժի մեջ մտնելուն: Սա 1-2-3 օրվա գործընթաց չէ: Նախ Կառավարությունը պետք է հավանություն տա նման փաստաթղթի ստորագրմանը, ՍԴ-ն պետք է ստուգի դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը: Այն պետք է ներկայացվի ԱԺ վավերացմանը: ԱԺ-ն պետք է վավերացնի, վավերացնելուց հետո ՀՀ նախագահը պետք է ստորագրի վավերագիրը»:
Վլադիմիր Վարդանյանը նաև ընդգծեց, որ ներկայացնում է գործընթացի միջազգային իրավական տեսության պրակտիկան, և ենթադրում է, որ նման գործընթաց պետք է տեղի ունենա նաև Հայաստանում. «Այս ամենը պետք է արվի ոչ միայն Հայաստանի կողմից, սա պետք է անի նաև Ադրբեջանի Հանրապետությունը իր ներպետական ընթացակարգերով, նոր փաստաթուղթը մտնում է ուժի մեջ: Այսինքն՝ 1 վայրկյանանոց գործընթաց չէ սա: Եվ պետք է խնդրեմ նաև, որ մեր զանգվածային լրատվության միջոցները այս մանիպուլյացիաներին չտրվեն»: