Լաչինի միջանցքի մասով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը հայտնի է, և այս հարցում վերաբերմունքը երբեք չի փոխվել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինը:
«Գիտեք, որ և մեր հայ գործընկերների, և ադրբեջանցիների հետ բանակցություններում մենք միշտ հավատարիմ ենք մնացել մեր դիրքորոշմանը և հիմա էլ հենվում ենք դրա վրա: Ամեն ինչ պետք է լինի մեր եռակողմ հայտարարության տառին և ոգուն համապատասխան: Մեր դիրքորոշումն այս հարցում երբեք չի փոխվել»,- ասել է նա:
Պուտինը նշել է, որ անփոփոխ է նաև ռուսական կողմի դիրքորոշումը տրանսպորտային կապերի, ինչպես նաև հաղորդակցությունների` երկաթուղու, և հնարավոր ավտոճանապարհների առումով:
«Այս անգամ ևս` ադրբեջանական պատվիրակության հետ երկկողմ շփումներում, այդ մասին ասացինք: Բայց պետք է նշել, որ ադրբեջանական կողմը ևս հաստատում է, որ այս հարցում Ադրբեջանը որևէ դիրքորոշման փոփոխություն չունի, նրանք առանց որևէ երկմտանքի ճանաչում են Հայաստանի լիարժեք ինքնիշխխանությունն այդ տարածքի նկատմամբ, և հիմնազուրկ է որևէ երկակի, եռակի մեկնաբանություն այն ամենի, ինչ կապված է տրանսպորտային հաղորդակցման հնարավոր ապաշրջափակման հետ: Այդուհանդերձ, կան հարցեր, որոնց մասին Դուք հիշատակեցիք, դրանք կապված են տերմինաբանության հետ: Ես կարծում եմ` այդ մասին մենք կարող ենք առավել մանրամասն զրուցել»,- ասել է ՌԴ նախագահը: