ՀՀ Ազգային ժողովն այսօր պետք է ընտրեր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Քվեարկության արդյունքները ԱԺ-ում ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Նա հիշեցրեց, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի և Անի Մխիթարյանի թեկնածությունները:
«ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել, հետևաբար քվեատուփում քվեաթերթիկ չի եղել»,- ասաց Բաբայանը:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հստակեցրեց, թե ինչ պետք է արվի այս դեպքում: «Եթե թեկնածուներից ոչ ոք չի ընտրվում, ապա անց է կացվում ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել 1-ին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Քանի որ մենք որևէ թեկնածու չունենք, որը ձայն է ստացել, այս դեպքում երկրորդ փուլ չի կարող լինել:
Ըստ կանոնակարգի՝ հարցը ԲԴԽ դաշտում է: ԲԴԽ-ն 10-օրյա ժամկետում պիտի առաջադրի հաջորդ թեկնածուների եռյակին»,- ասաց նա: