Անտառամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներն այսուհետև չեն կարող տարվա բոլոր ամիսներին թափուկ վառելափայտ հավաքել: Խոսքը ոչ արտադրական նպատակով օգտագործվող ծառերի մասին է: Անտառային կոմիտեի որոշմամբ՝ հստակ ժամանակացույց է սահմանվել, թույլատրվել մարտ-ապրիլին և սեպտեմբեր-հոկտեմբերին: Պատասխանատու գերատեսչության ղեկավարը վստահեցնում է՝ այս փոփոխությամբ կկարողանան կանխել նաև ապօրինի ծառահատումները:
Վլադիմիր Կիրակոսյան (ՀՀ ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահ) - Նախկինում անկանոն է եղել, այդ իսկ պատճառով մեծ ռիսկեր են առաջացել, ապօրինի հատումներին են նպաստել : Չի կարող տարին 12 ամիս ամբողջ բնակչությունը լինի անտառներում, և դա վերահսկելն ուղղակի անհնար կլինի:
Թափուկ վառելափայտի տրամադրումը տարեցտարի աճում է:
2021-ին ծրագրից օգտվել է 13 400 շահառու, տրամադրվել 74 400 խորանարդ մետր: 2022-ին շահառուների թիվը կազմել է 14 400, և տրամադրվել է շուրջ 80 000 խ. մ թափուկ վառելափայտ: Յուրաքանչյուր ընտանիք հնարավորություն ունի սեփական միջոցներով տարեկան հավաքել մինչև 8 խ. մ:
Անտառային կոմիտեի նախագահը նկատում է՝ բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքացիները թափուկ վառելափայտ հավաքելու փոխարեն խոշոր ծառեր են կտրել, մեքենայի միջոցով ճոպանով ծառերը պոկել՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե տեղի ունեցածը քամու հետևանք է:
Վլադիմիր Կիրակոսյան - Մենք բազմաթիվ դեպքեր ենք բացահայտել. հենց այդ բնակիչների կողմից իրականացվել են հետևյալ խախտումները, այդ իսկ պատճառով պատշաճ վերահսկողության և աշխատանքի արդյունավետության բարձրացման պատճառով մենք սահմանել ենք հստակ ժամանակացույց:
Գերատեսչությունում նշում են՝ թե՛ ոստիկանության, թե՛ անտառտնտեսության աշխատակիցներն այդ ամիսներին ուժեղացված վերահսկողություն են իրականացնելու: Կիրակոսյանը վստահեցնում է՝ որևէ ապօրինի ծառահատում անհետևանք չի մնալու: Ընդ որում՝ այդ քաղաքացիները կարող են ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվության ենթարկվել:
Վլադիմիր Կիրակոսյան - Նախ երկու փուլ պետք է անցնի սա. թափուկի տրամադրման կտրոնը՝ որտեղից է ձեռք բերել, եթե դա ձեռք է բերել մեր անտառտնտեսության աշխատակիցների կողմից, այն ժամանակահատվածում, երբ արգելվում է թափուկի տրամադրումը, ապա այդ ժամանակ մեր աշխատակիցների վրա պետք է ուշադրություն սևեռվի:
Քիչ չեն դեպքերը, երբ պարզվել է, որ ապօրինի անտառահատումների հեղինակները հենց անտառտնտեսության աշխատակիցները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք են եղել: Անտառային կոմիտեի նախագահը վստահեցնում է՝ իրենց համար կապ չունի, թե ով կամ ովքեր են անտառագողները. բնությանը վնաս տվողները պատասխանատվության կենթարկվեն:
Հեղինակ՝ Հովհաննես Վարդանյան