Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի նախագիծը դրվել է հանրային քննարկման: Ապահովագրական վճարի չափ փաստաթղթում չի նշվում. դեռ հստակեցված չէ: Բայց հայտնի է, որ, ի տարբերություն նախկինում քննարկված հայեցակարգի, այս անգամ խոսքը ոչ թե տոկոսադրույքի, այլ հաստատուն գումարի մասին է:
Սամվել Խարազյան (Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ) - Նախնական, այսպես ասենք, գնահատվում է 150-200 հազար դրամի չափով՝ տարեկան:
Սոցիալական տարբեր խմբերի դեպքում գումարը լրիվ կամ մասնակի կփոխհատուցի պետությունը: Այդ համամասնությունը նույնպես դեռ քննարկման փուլում է: Պետության համաֆինանսավորման չափը նաև կախված կլինի ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրից, որը լրացնելն առաջիկա տարիներին փուլ առ փուլ պարտադիր կդառնա բոլորի համար:
Հայեցակարգի նոր տարբերակով նախատեսվում է, որ պարտադիր ապահովագրությունը կներդրվի աստիճանաբար: 2023-ը կլինի նախապատրաստական փուլ, հաջորդ երեք տարիները՝ 2024-2026 թվականները՝ փորձարկման փուլ: Իսկ արդեն չորրորդ տարվանից` 2027 թվականից, առողջության համապարփակ ապահովագրությունը կկիրարկվի ամբողջությամբ։
Ապահովագրված մարդուն առաջարկվող փաթեթը կընդգրկի ծառայությունների հիմնական մասը՝ պոլիկլինիկական և հիվանդանոցային, նաև կանխարգելիչ հետազոտություններ, որոնք կլինեն պարտադիր՝ հետագայում բուժծառայություններ ստանալու համար: Ապահովագրությունը չի վերաբերի, օրինակ, այսպիսի ծառայությունների.
Սամվել Խարազյան - Կոսմետիկ վիրահատություններ, վերականգնողական բուժումներ, որոնք կապված չեն քրոնիկ հիվանդության հետ, ստոմատոլոգիական ծառայություններ, որովհետև այստեղ մեզ մոտ ներառվում են սահմանափակ ծառայություններ, դեղորայքի այն փաթեթը, որը ներառված է քրոնիկ հիվանդությունների դեպքում. դրանից դուրս դեղորայքի մնացած տեսակները, որոնք կարող են անհրաժեշտ լինել:
Այս տարվա նախապատրաստական փուլից հետո՝ 2024-ին, ապահովագրական համակարգում կընդգրկվեն պետության սահմանած այն խմբերը, որոնք այսօր էլ օգտվում են պետպատվերի ծառայություններից: Օրինակ՝ 28-ից ավելի անապահովության միավոր ունեցող նպաստառու ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 18 տարեկանները, սոցիալական փաթեթի շահառուները:
2025 թվականին պարտադիր ապահովագրությանը կմիանան 63 տարին լրացած քաղաքացիները, ինչպես նաև պետական հատվածի վարձու աշխատողները։ Փորձարկման փուլի վերջին տարում` 2026-ին, առողջության համապարփակ ապահովագրությանը կմիանան բոլոր վարձու աշխատողները, ինքնազբաղված անձինք և գյուղատնտեսությունում աշխատողները։
Առողջապահական համակարգը դեռ պատրաստ չէ պարտադիր ապահովագրությանը, հայեցակարգում ֆինանսավորման մեխանիզմներ ներդրված չեն, որակի վերահսկողությունը պարզ չէ՝ ինչպես է լինելու, ապահովագրության կողմերի հնարավոր վեճերի լուծման ինչ ճանապարհ է առաջարկվելու: Հայեցակարգի քննարկման ժամանակ այս հարցերի մասին նաև բարձրաձայնեցին առողջապահական հաստատությունների, ապահովագրական ընկերությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչները: Հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանը նշեց՝ ապահովագրության ներդրմանը զուգահեռ` առողջապահական համակարգն էլ պատրաստվելու է: Նշեց՝ հայեցակարգից հետո դեռ պետք է ընդունվի մոտ 15 ենթաօրենսդրական փաստաթուղթ: Բացի այդ էլ՝ փորձարկման ժամանակը կօգտագործվի՝ արդյունավետությունը գնահատելու, ի հայտ եկող խնդիրները լուծելու համար:
Վահե Տեր-Մինասյան (բժիշկ-ուռուցքաբան) - Մարդը այնպես է ստեղծվել, որ պատրաստ չէ կամավոր ինչ-որ գումար ամեն ամիս մի կողմ դնել, որովհետև կարծում է` դա հարևանի հետ կլինի, ուրիշի հետ կլինի, որովհետև ինքը իրեն լավ է զգում, առողջ է, ինչու պիտի մտածի սև օրվա համար: Հիմա գաղափարը հետևյալն է` ստեղծել կոմֆորտ համակարգ, անկախ նրանից, թե ձեզ հետ ինչ կպատահի` առաջին հերթին մտածեք ձեր առողջության մասին, և չմտածեք, թե որտեղից գումար ճարենք այդ առողջությունը ապահովելու համար:
Բժիշկը հույս ունի՝ նման քննարկումները կօգնեն գտնել ապահովագրության բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ, և, ի վերջո, համակարգը կյանքի կկոչվի, որովհետև այն արդեն շատ ուշացած է ու պետք էր ներդնել առնվազն 20 տարի առաջ:
Վահե Տեր-Մինասյան - Մենք հիմա վազում ենք արդեն գնացած գնացքի հետևից: Տա Աստված, կարողանանք հասնել, մեր տեղը գտնել:
Հեղինակ` Աննա Զախարյան