ԱԱԾ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության կարող է բռնագանձվել 473 մլն դրամի գույք ու ֆինանսական միջոց

ԼԼիլիթ Ասատրյան

Դատախազությունը ապօրինի է գնահատում ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանի 4 անշարժ գույքն ու ֆինանսական միջոցները: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հարությունյանը որպես օրինական եկամուտ ունեցել է 75 մլն դրամ, սակայն նրա միայն ծախսերը կազմել են 87 մլն դրամ: Հայցադիմումը դատարանում է, հայցապահանջը՝ ավելի քան 470 մլն:

Համլետ Հարությունյան (Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ) - Դատարանի որոշմամբ՝ Սերոբ Հարությունյանին և նրա հետ փոխկապակցված անձանց արգելվել է որոշակի անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարում:

Ներկայացված հայցադիմումով դատախազությունը պահանջել է Սերոբ Հարությունյանից և նրա հետ փոխկապակցված երկու անձից բռնագանձել 4 անշարժ գույք Երևանում:

«Մեկ բնակարան Հյուսիսային պողոտայում, նույն շենքում երկու ավտոկայանատեղի և մեկ այլ հասցեում՝ 1 հասարակական նշանակության անշարժ գույք: Անհնարինության դեպքում բռնագանձել դրանց շուկայական արժեքը, որը կազմում է մոտ 233 միլիոն 800 հազար դրամ»:

Համլետ Հարությունյան - Դրանից բացի՝ ներկայացվել է շուրջ 240 միլիոն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի օտարումից և օգտագործումից ստացված եկամուտների ինչպես նաև օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախսերի հանրագումարը:

Սերոբ Հարությունյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը նշում է՝ գործընթացն իրականացվել է բազմաթիվ խախտումներով:

Վարազդատ Ասատրյան (Սերոբ Հարությունյանի ներկայացուցիչ) - Ներկայացված հայցապահանջը անհիմն է նախ` այն պատճառով, որ իմ վստահորդը չունի ապօրինի ծագում ունեցող գույք, բացի դրանից՝ սկսված ուսումնասիրությունը, այդ ամբողջ գործընթացը ի սկզբանե եղել են ոչ իրավաչափ:

Սա առաջին հայցադիմումն է այս գործերով, որը դատարանը վարույթ է ընդունել դեռ 2021 թվականին, սակայն այն մինչև օրս նախնական դատական նիստերի փուլում է:

Համլետ Հարությունյան - Ստացված տվյալների համաձայն՝ դիտարկվող ժամանակահատվածում Սերոբ Հարությունյանի, նրա ընտանիքի անդամների օրինական եկամուտը կազմել է շուրջ 75 միլիոն դրամ, սակայն նույն ժամանակահատվածում կատարված զուտ ծախսերը կազմել են շուրջ 87 միլիոն դրամ, այսինքն՝ միայն կատարված ծախսերը արդեն իսկ գերազանցել են ստացված օրինական եկամուտները:

Հարցին՝ Հարությունյանը կարո՞ղ էր իր օրինական եկամուտներով 4 անշարժ գույք ձեռք բերել, ներկայացուցիչն ասաց՝ այն գույքերը, որոնք պատկանում են իր վստահորդին՝ օրինական են:

Վարազդատ Ասատրյան - Մասնավորապես, վերջինիս փոխանցվել է նվիրատվության հիմքով, ընդ որում` հարազատ եղբոր կողմից:

Դատախազի խոսքով՝ տարբեր փաստերի համադրությամբ՝ փոխկապակցված անձանց ձեռք բերած գույքը հետագայում անհատույց անցել է նախկին պաշտոնյային:

Համլետ Հարությունյան - Վարչությունը եկել է այն եզրահանգման, որ որոշակի գույքերի իրական շահառու ի սկզբանե հանդիսացել է Սերոբ Հարությունյանը, օրինակ` այն, որ իրեն փոխկապակցված անձը ի սկզբանե բավարար միջոցներ չուներ տվյալ գույքը ձեռք բերելու համար:

Դատախազը պնդում է, որ ուսումնասիրությունները սկսել են 2002 թվականից, երբ Սերոբ Հարությունյանն աշխատում էր պետական մարմիններում, տարբեր տարիներին զբաղեցնում ղեկավար պաշտոններ ոստիկանության ստորաբաժանումներում, Քրեակատարողական ծառայությունում, ԱԱԾ-ում:

Համլետ Հարությունյան - Մեր ուսումնասիրության շրջանակներում ստացված տվյալների ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ այն օրինական եկամուտը, որը ստացվել է, չէր կարող բավարարել մեր կողմից ապօրինի գնահատված գույքերի ձեռքբերման համար:

Սերոբ Հարությունյանին և նրա հետ փոխկապակցված անձանց հնարավորություն է տրվել ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին և ներկայացնելու իրենց դիրքորոշումը, սակայն, դատախազի խոսքով, ներկայացված դիրքորոշմամբ ապօրինի գնահատված գույքերի ձեռբերման օրինականությունը հիմնավորող որևէ տվյալ չի ներկայացվել:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում