Տարիներով կուտակված աղբն այսօր համատիրությունն ու բնակիչները սկսել են մաքրել:
Նպատակը մեկն է՝ տարածքն անհրաժեշտության դեպքում պետք է ծառայի որպես թաքստոց: 44-օրյա պատերազմից հետո բնակիչների անվտանգության հարցն ավելի ակտուալ է դարձել: Պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի:
Այս մեկը վերջացնելուց հետո անցնելու են հաջորդ նկուղի մաքրմանը: Եթե այս մեկը հնարավոր է մաքրել և ծառայեցնել ըստ նպատակի, ապա նկուղների որոշ մասի դեպքում անհնար է:
Մայրաքաղաքի մեկ այլ համայնքի բազմաբնակարան շենքում արդեն ավարտել են նկուղի մաքրման աշխատանքները, տարածքը կապահհովի նաև էլեկտրաէներգիայով, նստարաններ կտեղադրեն:
Վլադիմիր Բարսեղյան (Երևանի Աջափնյակ վարչական շրջանի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման բաժնի մասնագետ) - Վարչական շրջանը համատիրությունների հետ համատեղ մաքրման աշխատանքներ է իրականացնում այն տարածքներում, որտեղ հնարավոր է պատսպարել բնակիչներին:
Բազմաբնակարան շենքերի մաքրման աշխատանքների հիմնական պատասխանատուն համատիրությունն է: Աշխատանքները պարբերական բնույթ են կրում, բայց որ խնդիրներ կան՝ չի ժխտում Երևանի քաղպաշտպանության բաժնի պետը: Դրանք առաջանում են նաև բնակիչների մեղքով:
Հարություն Հարությունյան (Երևանի քաղաքապետարանի քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ) - Մենք մաքրում ենք նկուղը, մեկ ամիս հետո շրջայց ենք կատարում, նույն նկուղը նույն վիճակում է՝ կեղտոտ:
Որպես պատսպարան ծառայում են նաև մետրոպոլիտենի կայարանները, գետնանցումները, դպրոցների ու մանկապարտեզների նկուղային հարկերը: Նորակառույցները, որոնք ունեն ստորգետնյա ավտոկայանատեղիներ, անհրաժեշտության դեպքում ևս օգտագործվելու են որպես թաքստոցներ:
Հարություն Հարությունյան - Դրանք հիմնականում մի քանի հարկանի են, և այստեղ հնարավոր է պատսպարել մեծ քանակությամբ բնակչություն:
Արտակարգ իրավիճակների ժամանակ, անկախ սեփականության ձևից, պետությունը կարող է տիրապետել գույքին՝ հետագա փոխհատուցմամբ՝ ասում է Հարություն Հարությունյանը: 2021 թվականից նորակառույցները՝ լինի բնակարան թե հասարակական տարածք, պետք է ունենան պատսպարման համար նախատեսված տարածքներ: Քաղաքաշինության կոմիտեն է մոտ երկու տարի առաջ նախաձեռնել մի շարք նորմատիվ փաստաթղթերի վերանայման գործընթացը:
Ռուզան Ադամյան (Քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ) - Պետք է ունենան նկուղներ, որոնք նախատեսված են քաղպաշտպանության նորմատիվներով:
Թե որ տարածքներն է հնարավոր ծառայեցնել որպես թաքստոց և ապաստարան՝ 2020 թվականից բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների և նկուղների ուսումնասիրություն է իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ահարոն Գևորգյան (ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ՓՋ հրամանատար) - Եթե համեմատենք, բավականին առաջընթաց կա, ժամ առ ժամ աշխատանքներ են տարվում, իրազեկման աշխատանքներ են իրականացվում, որպեսզի իմանան վարվելակերպի կանոնները:
Թաքստոցների և ապաստարանների կառուցման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացնում նաև մասնավոր կազմակերպությունները, հատկապես մարզերում: 2016 թվականից մինչ օրս Տավուշի սահմանամերձ բնակավայրերում երկու տասնյակից ավելի պաշտպանական շինություն է կառուցել «Պահապան» զարգացման հիմնադրամը:
Ինգա Հարությունյան («Պահապան» զարգացման հիմնադրամի տնօրեն) - Մարզային ԱԻՆ-ն ու կրթական հաստատությունները պարբերաբար իրազեկման աշխատանքներ են իրականացնում, և բնակիչները գիտեն՝ ինչ անել:
Իրազեկման աշխատանքեր է իրականացնում նաև Երևանի քաղաքապետարանը: Վերջին օրերին քաղաքապետարանը իրազեկման նպատակով թռուցիկներ էր տարածել:
Հարություն Հարությունյան - Կան շենքեր, որոնք չունեն նկուղներ, այդ թերթիկների միջոցով իրազեկում ենք, թե որտեղ պետք է պատսպարվեն:
Արտակարգ իրավիճակի դեպքում բնակչության իրազեկում կիրականացվի նաև շչակների միջոցով:
Հարություն Հարությունյան - Ստեղծել ենք կառավարման համակարգ, որը հնարավորություն է տալիս ամբողջ քաղաքով ազդարարել բնակչությանը:
Միջոցառումները նախապատրաստական բնույթ են կրում, և խուճապի մատնվելու կարիք չկա՝ նշում են պատասխանատուները:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան