Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի (UN Women) ներկայացուցիչ Կաորի Իսիկավայի հետ։
Կողմերն անդրադարձել են նախարար Նարեկ Մկրտչյանի՝ Նյու-Յորք կատարած այցի շրջանակում կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր քարտուղարի օգնական Օսա Ռեգների հետ հանդիպման ընթացքում քննարկված UN Women-ի Հայաստանում ներգրավվածությունը մեծացնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությանը։
Քննարկվել են նաև «Կանանց տնտեսական զորեղացում Հարավային Կովկասում» (WEESC) տարածաշրջանային ծրագրի շրջանակում Հայաստանում կանանց զբաղվածության ապահովման տեխնիկական աջակցության հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր։
Կարևորվել է գենդերային ազդեցության գնահատման (GIA) ու գենդերային ինտեգրման կարողությունների զարգացման մոդուլների հարմարեցման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը։
Բարձր գնահատելով կառույցի գործունեությունը տարբեր երկրներում կանանց զորեղացման և գենդերային հավասարության ապահովման գործում՝ նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների ու հնարավորությունների իրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի դերը։
Այս համատեքստում նախարարն ընդգծել է կանանց աքսելերատոր ծրագրի կարևորությունը՝ վերջիններիս ձեռներեցությունը խթանելու, մասնագիտական հմտությունները զարգացնելու, միջին և փոքր բիզնեսներին աջակցելու տեսանկյունից։
Կանանց և աղջիկների կարողությունների զարգացման, նրանց հնարավորությունների բացահայտման և օգտագործման գործում նախարարը շեշտել է նաև գենդերազգայուն տվյալների հավաքագրման արդյունավետ մեխանիզմների անհրաժեշտությունը։
«Քաջատեղյակ ենք ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի կողմից Հարավային կովկասում իրականացվող ծրագրերին, որոնք կարևոր ազդեցություն ունեն ոլորտի համար։ Որպես գենդերային քաղաքականությունը մշակող հիմնական պետական գերատեսչություն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է կանանց տնտեսական զորեղացումը և պատրաստ է ավելի սերտ համագործակցության»,- նշել է նախարարը։
Կաորի Իսիկավան ևս բարձր է գնահատել ԱՍՀՆ հետ համագործակցության, մասնավորապես՝ կանանց և աղջիկների հզորացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացումը․
«Կարևորում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դերը՝ կանանց աքսելերատոր ծրագրի իրականացման գործում։ Տարիներ առաջ մեր կազմակերպությունը փոքր դրամաշնորհներ էր տալիս կանանց, և դրանք ուղղված էին փոքր ու ավանդական ոլորտներին։ Բայց հիմա ուրախալի է տեսնել կանանց հզորացումն ու զորեղացումը, ինչպես նաև նրանց ակտիվությունը ձեր երկրում»։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև երկկողմ պատրաստակամությունը՝ համագործակցության ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացման համար։