COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

COP17-ի բացման առիթով համերգային ծրագիր

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ. վարչապետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստն արդյունավետ է եղել

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացվեցին նոր մակարդակի: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստին գործակցության հուշագիր ստորագրեցին: Մհեր Գրիգորյանն ընդգծեց՝ 30 տարվա ընթացքում բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար: Իրանը ոչ միայն հարևան պետություն է, այլ նաև առևտրային կարևոր, հուսալի և վստահելի գործընկեր:

Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Մեծապես կարևորում ենք էներգետիկ և տրանսպորտի բնագավառներում փոխադարձ պայմանավորվածությունների արձանագրումը, մասնավորապես, «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման, հյուսիս-հարավ էներգետիկ քառակողմ կապի և Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային ենթակառուցվածքի կյանքի կոչման ուղղությամբ: Պետք է նշեմ նաև, որ ԻԻՀ հետ ՀՀ երկաթուղային կապի հաստատումը գտնվում է մեր օրակարգային կարևորագույն հարցերի շարքում:

Իրանի էներգետիկայի նախարարը նկատեց՝ ստորագրված 24 էջանոց փաստաթուղթն իր երկրի պատմության ընթացքում որևէ երկրի հետ կնքված ամենաբովանդակալից հուշագիրն է:

Ալի Աքբար Մեհրաբիան (Իրանի էներգետիկայի նախարար) - Այն ներառում է էներգետիկայի, էլեկտրոնիկայի ոլորտները: Անդրադարձ կա գազին, նավթամթերքներին վերաբերող հարցերին: Ներառում է նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ճանապարհները, ջուրը, բնապահպանությունը և այլն:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ նաև Եվրասիական տնտեսական միության նկատմամբ Իրանի հետաքրքրվածությանը: Հայտնեց՝ Հայաստանը մշտապես ջանքեր է գործադրում խթանելու ԵԱՏՄ-ին Իրանի ինտեգրման գործընթացը, ինչպես նաև պատրաստ է դեպի ԵԱՏՄ շուկա դարպաս դառնալու բարեկամ Իրանի համար:

Մհեր Գրիգորյան - Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ապահովելու և ծավալելու Իրանի հետ այս ուղղությամբ ակտիվ փոխգործակցություն:

Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստը տեղի է ունեցել 2019 թվականին: Նախորդ երկու տարիների ընթացքում ևս մեկ նիստ անցկացնելուն խոչընդոտել է համավարակը: Ալի Աքբար Մեհրաբիանը նշեց՝ Իրանին հաջողվել է ոչ միայն կոտրել վարակի տարածման ուժգնությունը, այլև ստեղծել հիվանդությունը վերահսկող սարքավորումներ: Իրանում 6 ընկերություն էլ զբաղված է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությամբ: Հնարավորություն կա ոչ միայն բավարարելու ներքին պահանջարկը, այլև մատակարարելու այլ երկրներ:

Ալի Աքբար Մեհրաբիան - Ես հայկական կողմի մասնագետներին հրավիրում եմ Իրան՝ կարողություններին ու սարքավորումներին ծանոթանալու համար, ինչպես նաև պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ հնարավոր քայլերը քննարկելու համար:

Մեհրաբիանն անդրադարձավ նաև երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերություններին: Նկատեց՝ քաղաքական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, պետք է նոր թափ հաղորդել նաև տնտեսական ոլորտին:

Ալի Աքբար Մեհրաբիան - Այն համաձայնությունները, որ առկա են երկու երկրների միջև էներգետիկայի, ճանապարհների և տարանցման ոլորտներում, վկայում են, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների նշանակալի ավելացմանը:

Շարունակելով էներգետիկ ոլորտի թեման` Մհեր Գրիգորյանն ընգծեց՝ Հայաստանն ամեն ինչ անում է, որ «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի ծրագիրն օր առաջ իրականություն դառնա: Հարցը քննարկել է նաև Իրանի նախարարի հետ զրույցում:

Մհեր Գրիգորյան - Հույս ունենք, որ հարավային մասը մինչև տարեվերջ կավարտենք, ընդ որում՝ որքան ես եմ տիրապետում տեխնիկական բնութագրերին, դա ամենաբարդ մասն է լինելու, իսկ հյուսիսային մասը` դեպի Վրաստան, ծրագրից առնվազն չենք շեղվել այս պահին, և, հուսով եմ, որ, այո՛, կավարտենք:

Գրիգորյանն ու Մեհրաբիանը արդյունավետ որակեցին հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքները: Մայիսի 12-ին էլ տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողովը:

Հեղինակ` Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում