Փոթի-Կավկազ նավահանգիստների միջև լաստանավային բեռնափոխադրումներ իրականացնելու համար արդեն կա օպերատոր:
Կառավարությունն այսօր հավանություն է տվեց նախագծին, որով «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերությունը ամենաուշը հունիսի 15-ից շաբաթական երկու անգամ կիրականցնի փոխադրումները, պետությունն էլ բիզնեսի համար կսուբսիդավորի լաստանավի հաղորդակցության արժեքը: Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ սա թույլ կտա ունենալ կանոնավոր երկաթուղային հաղորդակցություն Հայաստանի-ԵԱՏՄ երկրների միջև:
Կառավարության անդամները նախագծի կարևորությունը շեշտել են հատկապես վերջին շրջանում Լարսի անցակետի ծանրաբեռնվածության ֆոնին:
«Սա թույլ է տալու, որ մեր տնտեսությունը, հատկապես արդյունաբերությունը էապես բարձրացնի մրցունակությունը: Այս նախագծով մենք արտահանողներին և ներմուծողներին թույլ ենք տալիս էապես նվազեցնել իրենց ռիսկերը, որոնք այսօր հատկապես շատ մեծ են Լարսի անցակետի հետ կապված»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց.
«Բոլորս երկար տարիներ առնչվել և առնչվում ենք Վերին Լարսի թողունակության հետ կապված խնդիրներին, այդ թվում՝ կապված եղանակային պայմանների հետ: Հիմա պրոբլեմը սրվել է, որովհետև կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ՝ ծովային բեռնափոխադրումների որոշակի սահմանափակումներ են առաջացել, ինչը նշանակում է, որ ծովից բավականին մեծ ծավալի բեռներ տեղափոխվել են ցամաքով փոխադրվելու:
Մենք այս պրոցեսն սկսել էինք մինչև ուկրաինական իրադարձությունները՝ այլընտրանք ձևավորելու համար, բայց հիմա լավ է, որ ունենք հստակ պայմանավորվածություններ»:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ այսօր Վրաստանի հատվածում մոտ 12 հազար բեռնատար է կուտակվել, որից ավելի քան 1000-ը հայկական մեքենաներ են:
«Այս լաստանավային հաղորդակցության գործարկումը բնավ չի նշանակում, որ մենք դադարում ենք այլ ուղղություններով աշխատանքը: Հակառակը՝ մենք ամենժամյա կապի մեջ ենք մեր ռուս և վրացի գործընկերների հետ:
Մենք հիմա փնտրում ենք այն լուծումները, որոնք թույլ կտան, որ հայկական բեռները, որոնք ուղղակի տարանցիկ պետք է Վրաստանով անցնեն և մաքսազերծման որևիցե խնդիր չունեն, կարողանան ինչքան հնարավոր է արագ անցնել այդ մաքսակետով: Կարծում եմ՝ այդ առումով էլ շուտով կունենանք նորություններ:
Այնուամենայնիվ, այսօր խնդիրն իսկապես բարդ է, մեր մեքենանները Վրաստանում 10 օրից ավելի են կանգնում, մինչև կարողանում են Լարսի անցակետն անցնել: Օգտվելով առիթից՝ ուզում եմ մեր արտահանողներին և ներմուծողներին ասել, որ մենք զբաղվում ենք այս հարցով և շուտով կառաջարկենք լավ լուծումներ»,- ասաց նախարարը:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նախարարի նշած տեղեկատվությունը կրկնակի անհանգստացնող համարեց:
«Մենք հիմա մրգի և բանջարեղենի արտահանման սեզոնի մեկնարկին ենք մոտենում: Եվ այստեղ մենք պետք է ենթակառուցվածքները զարգացնենք: Հիմա նույնիսկ մտածում ենք, չգիտեմ, թե ինչքանով է դա իրատեսական, օդային ենթակառուցվածքների գործարկման վերաբերյալ»,- ասաց վարչապետը՝ հավելելով նաև, որ մարտի առաջին 15-20 օրվանից հետո արտահանման ծավալների շատ էական աճ է նկատվում: