Լվացքի պարանին էլի նորածնի հագուստ է ավելացել. Ենգոյանների ընտանիքում ծնվել է 10-րդ երեխան, ընտանիքի 9-րդ որդին:
Քրիստինա Մանուկյան - Մեծը Հարությունն է, երկրորդը՝ Դավիթը, բանակում է, Արգիշտին, Մինասը, Արմանը, Նարեկը, Ագնեսան, Արթուրը, Ալեքսը, Մոնթեն:
Եվս մեկ եղբայր ունենալու լուրին ավագների արձագանքն է. «Արդեն սովորել ենք»:
23 տարվա ամուսնության ընթացքում տան պատերը նույնն են մնացել, բայց ընտանիքը մեծացել է. ավագ որդին 22 տարեկան է, տան ամենափոքրը՝ արդեն 12 օրական:
Տան 46-ամյա հայրը կատակում է՝ 7 որդով սեղան նստել էր ուզում՝ մի բան էլ շատ եղավ: 39-ում 10-րդ անգամ մայրացած Քրիստինա Մանուկյանն ասում է՝ ոչ մեկի դեպքում չեն ստուգել սեռը, բայց կուզեին այս մեկն աղջիկ ծնվեր, որ տան միակ դուստրը մենակ չլիներ:
7-րդը ծնված 6 տարեկան Ագնեսան իրենից փոքր 3 եղբայրների անունների ընտրությանը մասնակցել է, հիմա էլ անհամբեր է, թե երբ է նորածնին գրկել-օրորելու: Մեկ տան մեջ մեկ-մեկ վիճելով, հիմնականում իրար օգնելով, մեծանում են նախադպրոցականներ, դպրոցականներ, ուսանող ու զինծառայող:
Քրիստինա Մանուկյան - 1,6 ամսվա ծառայող էր Հարությունը, որ Դավիթը գնաց բանակ, Դավիթն էլ 2 ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց: Դավիթը շարունակում է Ղարաբաղում ծառայությունը, Հարությունը 2021թ. հունվարի 9-ին է եկել, շարունակում է սովորել:
Հարությունը նկարահանվել չուզեց, եղբայրները նրա նկարածներն են ցույց տալիս
Պետության քաղաքականությունն է՝ խթանել ծնելիությունը: Այս պահին երեխայի ծննդյան կապակցությամբ պետության աջակցությունը 2 բնույթի է՝ միանվագ ու պարբերական:
Տաթևիկ Միքայելյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և դրամական այլ վճարների բաժնի պետ - Միանվագ բնույթի վճարատեսակը երեխայի ծննդյան միանվագ նպաստն է, նպաստի չափը պայմանավորված է ընտանիքում երեխայի կարգաթվով. առաջին և երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 300 000 դրամ, երեք և չորրորդ երեխայի դեպքում՝ 1 մլն դրամ, հինգերորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ 1,5 մլն դրամ:
Իսկ պարբերական բնույթի է խնամքի նպաստը, որի իրավունքն ունեն վարձու աշխատող ծնոնղները, որոնք գտնվում են խնամքի արձակուրդում և գյուղաբնակ ծնողները՝ անկախ վարձու աշխատող լինելու հանգամանքից:
Տաթևիկ Միքայելյան - Խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում՝ մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը նշանակվումէ խնամքի նպաստ՝ ամսեկան 28 600 դրամ են ստանում, մինչ այդ 26 500 դրամ էր:
Գյուղաբնակ ծնողները վարձու աշխատող լինելուց անկախ ստանում են այդ գումարը, եթե երեխայի ծննդյան օրվա դրությամբ ունեն գյուղական բնակավայրի հաշվառում՝ առնվազն 1 տարի: Եթե և՛ գյուղում են բնակվում, և՛ վարձու աշխատող են, ապա պետությունը կտրամադրի նախատեսված երկու աջակցությունն էլ՝ երկու տարով, ամսական 57 200 դրամ:
Այս տարվա հունվարի 1-ից նոր վճարատեսակ էլ է ավելացել:
Տաթևիկ Միքայելյան - 50.000 դրամն է, որը տրամադրվում է 2022թ. հունվարի 1-ից հետո ծնված երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ:
Թե այդ գումարները որքան կթեթևացնեն հոգսը, Դալարիկ գյուղում ապրող այս բազմազավակ ընտանիքը չի հաշվել: Վստահ են՝ ամեն երեխա իր հաջողությունն ունի: Ամառը հողակտոր են մշակում՝ վարունգ, լոլիկ, ձմերուկ, ձմռանը տունը պահում են անասուններով:
Հարությունի ուսումը կիսատ չեն թողել, մյուս երեխաների ուսման հարցը նրանց հայեցողությանն է՝ իրավաբան, ոստիկան, մի մասն էլ՝ բանակից կգա, կորոշի: Մշտական եկամուտ տանը չունեն, բայց չեն բողոքում՝ 2 երեխա լինի, թե 10, բոլորին հավասար միջոցներ են փորձում հատկացնել: Տան հոգսն էլ հիմա հավասար են կիսում՝ մաքրությունից մինչև երեխաներին խնամք ու խոհարարություն:
Չնայած սենյակները մի քիչ ցուրտ են ու մեծացող երեխաների համար արդեն փոքր, բայց բոլորը ժպտում են, հատկապես, երբ երկար քնից հետո Մոնթեն բացում է աչքերը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան