ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան կտրականապես դեմ է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը, ինչի հետևանքով դաշինքը կհայտնվի ռուսական սահմանին: Ըստ նրա՝ դա ռուսական կողմի կարմիր գծերից մեկն է, որի հատումը կունենա աղետալի հետևանքներ:
Լավրովը Ուկրաինայի նախագահ Զելենսկուն մեղադրել է ռուսախոս ուկրաինացիներին և ռուսներին սպառնալու համար՝ մեծ թվով ուժեր կուտակելով Դոնբասի շփման գծում: Նա արևմտյան գործընկերներին խորհուրդ է տվել ավելի ուշադիր հետևել Դոնբասում Ուկրաինայի առաջնորդի նպատակներին։
Լավրովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մինչ Արևմուտքը վերահսկում է ռուսական զորքերի տեղաշարժը սեփական երկրի սահմաններում, Կիևի իշխանությունները շփման գծում արդեն կենտրոնացրել են ամենամարտունակ գումարտակները։