Հայկական կողմը որևէ պարագայում չի համաձայնի առանց մաքսային ստուգումների և մաքսային տուրքի գանձման ճանապարհ տրամադրել Ադրբեջանին: Լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների համար կազմակերպված առցանց ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արդրադառնալով հարցին, թե ինչու չի հաջողվել Ադրբեջանի հետ հասնել համաձայնության ավտոճանապարհների ապաշրջափակման հարցում: Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը հստակ սահմանել է կարմիր գծերը. միջանցքային որևէ տրամաբանություն Հայաստանի համար ընդունելի չէ:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Այն, ինչ խոսեցինք Բրյուսելում երկաթուղիների մասով, Սոչիում սկսված խոսակցության ամփոփումն էր, և այդտեղ արձանագրումը հետևյալն էր, որ երկու կողմերից կգործի լիարժեք սահմանային հսկողություն, որը մեզ համար ընդունելի է, Ադրբեջանի համար ևս ընդունելի է: Մենք պայմանավորվեցինք գործարկել երկաթուղու շինարարությունը:
Վարչապետը վստահեցրել է՝ ճանապարհների անվտանգությունը պետք է երաշխավորված լինի: Նա չի բացառել, որ այդ ճանապարհով երթևեկող մեքենաների համար ուղեկցումեր կլինեն: Հստակ է նաև, որ պետությունների ինքնիշխախության ներքո են լինելու առկա ու հնարավոր նոր ճանապարհները:
Նիկոլ Փաշինյան - Եթե բեռնափոխադրումների անվտանգությունը, ապահովված չլինի, բեռնափոխադրումներ չեն իրականացվի: Եթե այդ պայմաններում, ենթադրենք, հայկական բեռներն Ադրբեջանի տարածքով չանցնեն, ադրբեջանական բեռները հայկական տարածքով չեն անցնի: Բնականաբար, երբ որ քննարկում ենք այդ հարցերը, նկատի ենք ունենում նաև դա: Պատկերացրեք` ինչ անտրամաբանական կլինի, որ հանկարծ երկաթուղի բացենք և դա չօգտագործվի:
Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգից: Վարչապետ Փաշինյանը նշել է՝ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ցանկության համատեքստում անտրամաբանական կլինի խաղաղության պայմանագրից հրաժարվելը:
Նիկոլ Փաշինյան - Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ բանակցային մի օրակարգ էին առաջարկել, որի կետերից մեկն էլ խաղաղ և համապարփակ կարգավորման խնդիրն էր: Եվ մենք դրանով շահագրգռված ենք, չենք հրաժարվել այդ թեմայով խոսել և չենք հրաժարվելու:
Արցախի հակամարտությունն ասուլիսի առանցքային թեմաներից էր: Վարչապետը նկատել է, որ ամենակարևոր, բայց ամենաբարդ խնդիրն է, քանի որ հանրությանը դժվար է ներկայացնել բանակցային գործընթացի բոլոր շերտերը: Նա վերաստատել է նախկինում արված հայտարարությունն՝ ասելով, որ 2016 թվականին Արցախի բանակցությունների հարցում աղետ է եղել: Փաշինյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման պարամետրերը 2016-ին տեղափոխվել են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:
Նիկոլ Փաշինյան - 2016 թվականին ներկայացվել է առաջարկությունների 3 փաթեթ, որտեղ 2011-ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ: Հայկական կողմից շատ լայնորեն քարոզվում է, թե նորմալ է, որ ասում են, թե ԼՂ-ն այդ բանակցային փաթեթում ունի օրենսդիր մարմին, դատական իշխանություն և այլն: Բայց ոչ մեկ չի ասում, որ ԼՂ-ի այդ ժամանակավոր իրավիճակը և կարգավիճակը ճշգրտելու հարցը, ըստ այդ բանակցային բովանդակության, տեղափոխվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, և ասվել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն, խորհրդակցելով Ադրբեջանի, Հայաստանի, համանախագահների, ԵԱՀԿ նախագահողների հետ, որոշում է կայացնում իմ նշած համակարգերի իրավական և պրակտիկ կիրառման նրբությունների վերաբերյալ:
Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման համատեքստում դիտարկում է բոլոր հնարավոր սցենարները՝ հայտարարել է վարչապետն՝ անդրադառնալով Տավուշի մարզում Կիրանց-Ոսկեպար ուղղությամբ այլընտրանքային ճանապարհի հնարավոր կառուցման մասին հարցին։ Փաշինյանը հիշեցրել է, որ քարտեզներ են առկա՝ 1975, 1969, 1929 թվականների: Նրա խոսքով՝ 1975-ի քարտեզներով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսն այսօր ադրբեջանական վերահսկողության տակ է, իսկ Վազաշենի հողատարածքների մի մասն Ադրբեջանի վերահսկողության տակ է 1990-ականներից, Պառավաքար գյուղի վարելահողերի զգալի հատվածը Ադրբեջանի վերահսկողության տակ է: Ինչ վերաբերում է ակնկլավներին, վարչապետը շեշտել է, որ այս պահի դրությամբ՝ անկլավների գոյության մասին իրավական հիմքեր չկան:
Նիկոլ Փաշինյան - Շատ է խոսվել անկլավների մասին, և մինչև այս պահը, ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել: Հիշում եք, որ ասել եմ՝ քարտեզն ինչ է. գծագիր է, ոնց կարող ես գծում ես, պետք է իրավական հիմքը նայես: Մեզ թվում է, որ այս մեկ տարվա ընթացքում արդեն բոլոր հնարավոր փաստաթղթերն ուսումնասիրել ենք: Հնարավոր է՝ հաջորդ պահին ի հայտ գա, բայց այս պահին դա չկա:
Գործադիրի ղեկավարն անդրադարձել է Հայասատն-Թուրքիա հարաբերություններին և տեղեկացրել՝ հատուկ բանագնացների առաջին հանդիպումը դեռևս նշանակված չէ, սա երկար գործընթաց է ու չի կարելի ակնկալել, որ մի քանի հանդիպումների ընթացքում հնարավոր կլինի կոնկրետ արդյունքների հասնել: Փաշինյանը հավելել է, որ Հայաստանի ակնկալիքը Թուրքիայից հարաբերությունների կարգավորումն է, բայց նկատել է, որ խնդիրը բարդ և զգայուն է:
Նիկոլ Փաշինյան - Թուրքիայի հետ հարաբերությունների առումով, եթե հարցը դնենք կոմունիկացիաների տրամաբանության մեջ, մեզ համար կարևոր է տարանցիկ ուղիներ ստեղծելու, կառուցելու, ձևավորելու օրակարգը, և եթե Թուրքիայի հետ հարաբերություններում պարզվի, որ հնարավոր բացվող, ստեղծվող կոմունիկացիաներն ավելի ընդարձակ տարածաշրջանային նշանակություն կարող են ունենալ, դա, իհարկե, մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է լինելու, օրինակ՝ սահմանի և հայ-թուրքական երկաթուղու բացումը։ Հիմա խոսք է գնում օդային հաղորդակցության վերաբացման մասին, որը մենք դրական ենք գնահատում, ողջունում ենք այդ մոտեցումը և հույս ունենք, որ իսկապես փոխադարձ թռիչքները կսկսվեն։ Այսինքն՝ մեր ակնլալիքը հարաբերությունների կարգավորումն է: Չհիմնավորված լավատեսություն չենք արտաայտում, որովհետև դրա հիմքը չկա, բայց կողմերը խոսելու, լավատեսության հիմք ստեղծելու փորձեր են անում:
Լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների ուշադրության առանցքում նաև ներքաղաքական խնդիրներն էին: Նախորդ տարվա նոյեմբերյան ներքաղաքական իրադարձությունից հետո վարչապետ Փաշինյանը համոզվել է, որ խորհրդարանական կառավարման մոդելի փոփոխության անհրաժեշտություն չկա: Չանտեսվեց նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացը: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ խնդիրն ինստիտուցիոնալ է:
Նիկոլ Փաշինյան - Երևանում ունեցանք քաղաքապետի անուղղակի ընտրություններ, որի իմաստն այն է, որ կա ավագանի և կա քաղաքապետ, որն ավագանու անդամ է: Եվ մենք հիմա 2021 թվականին 4 հազարից ավել բնակչություն ունեցող բոլոր քաղաքների և համայնքների ընտրությունները դարձրել ենք համամասնական ցուցակով, որտեղ ընտրվում է կուսակցությունը և ոչ թե անձը:
Սոցիալական հարցերից էլ քննարկվել է ջրի սակագնի 20 դրամով բարձացման հարցը: Վարչապետ Փաշինյանը հավաստիացրել է, որ եթե ջրի գինն այժմ չփոփոխվի, 2024-ին շատ կտրուկ է բարձրանալու:
Հեղինակ՝ Անի Օհանյան