Հայկ Մարության (Երևանի քաղաքապետ) - Ավագանու հարգարժա՛ն անդամներ, հարգելի գործընկերնե՛ր, փաստացի քվորում չունենք, ուստի նիստը հայտարարում եմ չկայացած և փակված, շնորհակալություն:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը երեկ հայտարարել էր, որ այսօրվա հերթական նիստին չի մասնակցելու՝ հաշվի առնելով ավագանու և քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը: Վաղը արտահերթ նիստ է հրավիրված՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու օրակարգով:
Խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի խոսքով՝ վերջին մեկ տարին աշխատել են փաստացի ճգնաժամի պայմաններում, ուղղակի դա ի ցույց չեն դրել, քանի որ երկիրը գտնվել է ծանր վիճակում: Սառեցրել են քաղաքապետի հետ տարաձայնությունները, փորձել են հարաբերությունները կարգավորել, բայց չնայած գործադրված մեծ ջանքերին՝ հաջողության չեն հասել:
Արմեն Գալջյան (Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար) - Քաղաքացիներն ընտրում են ոչ թե անձերի, այլ ուժերի, ընտրում են համամասնական ցուցակ, և այդ քաղաքական ուժն է որոշում՝ իր ցուցակից ով պետք է դառնա քաղաքապետ: Այո՛, սովորաբար առաջին համարներն են դառնում քաղաքապետ, բայց նաև օրենսդրությունը ավագանուն տվել է լիազորություն, անհրաժեշտության դեպքում և վստահության բացակայության դեպքում փոխել քաղաքապետին, ինչը մենք հիմա անում ենք:
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այդ նախագծին կողմ կքվեարկի, որովհետև Հայկ Մարությանի աշխատանքից դժգոհ է դեռ 2019-ից: Նշվող պատճառները տարբեր են՝ ներդրումային ծրագրի տապալումից մինչև թերի կատարողականներ:
Միքայել Մանրիկյան (Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար) - Այստեղ համընկավ մեր քաղաքական դիրքորոշումը այս նախագծի հետ, և մենք որոշեցինք դրան տալ ընթացք:
Ավագանու մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ «Լույսը», չի միանում Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին: Դավիթ Խաժակյանը հիշեցնում է՝ միշտ է թվերով հիմնավորել, որ Մարությանը ձախողել է կառավարումը, բայց և նշում է, որ նրան անվստահություն հայտնելու վերաբերյալ բերված պատճառաբանությունները ներքաղաքական և ներկուսակցական են:
Դավիթ Խաժակյան (Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար) - Մենք այդտեղ վերապահում որպես այդպիսին չունենք և գտնում ենք՝ եթե իրենք այս պատճառաբանություններով ցանկանում են փոփոխություն իրականացնել, ապա դա իրենց իրավունքն է, և մենք այդտեղ անելիք չունենք:
Գալջյանն արձագանքեց՝ ներքաղաքական ու ներկուսակցական խնդիրներն իրենց հերթին հանգեցնում են քաղաքի կառավարման դանդաղեցմանը և ճգնաժամի պատճառ դառնում:
«Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանը, որ վայր է դրել մանդատը, կարծում է՝ պետք է արտահերթ ընտրություն կազմակերպել, ոչ թե ավագանին ընտրի նոր քաղաքապետ, հակառակ դեպքում դա օրինական, բայց հակաժողովրդավարական գործընթաց է:
Գրիգոր Երիցյան (Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ) - Այստեղ տուժում է միայն երևանցին, և չի շահում իրականում ոչ ոք, ես կարծում եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնպես չի շահում այս գործընթացից:
Գալջյանը նկատեց՝ երևանցու կարծիքը հաշվի է առնվել երեք տարի առաջ և հաշվի կառնվի երկու տարի հետո:
Արմեն Գալջյան - Չի կարելի մեկ անձի պատճառով կամ մեկ անձի համար մեկ միլիոնանոց քաղաքը տանել արտահերթ ընտրությունների, որովհետև մարդիկ ընտրել են, որպեսզի խնդիրները լուծվեն, և չեն ընտրել, որպեսզի որևէ անձի կոմֆորտի զոնայում կառավարվի քաղաքը: Այսինքն՝ արտահերթ ընտրություն անենք, որ հասկանանք՝ էդ մեկ հոգու շուրջ բոլորն ի՞նչ են մտածում, բա էլ ո՞ւր մնաց ավագանու ինստիտուտը։
Ինչո՞ւ Հայկ Մարությանը լքեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչո՞ւ խզվեց քաղաքապետ-ավագանի կապը, ինչո՞ւ համագործակցությունը չստացվեց. այս և այլ հարցերի պատասխաններ այսօրվա քննարկման մասնակիցները հույս ունեն ստանալ ավագանու վաղվա արտահերթ նիստում: