Երևանի ավագանու նիստը այսօր չի կայացել քվորում չլինելու պատճառով:
«Իմ քայլը» խմբակցությունը երեկ հայտարարել էր, որ այսօրվա նիստին չի մասնակցելու՝ հաշվի առնելով ավագանու և քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը: Վաղը արտահերթ նիստ է հրավիրված՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու օրակարգով:
Ավագանու իշխող և երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները հայտնել են իրենց կարծիքը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միացել է Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը թեև Մարությանի կառավարումը ձախողված է համարում, նշել է՝ նրան պաշտոնանկ անելու վերաբերյալ հնչած պատճառները ավելի շատ ներկուսակցական են և ներքաղաքական, հետևաբար կարծում է՝ այդ խնդիրները լուծելը իրենց անելիքը չէ:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էլ հայտնել է՝ մեկ տարի աշխատել են փաստացի ճգնաժամի պայմաններում:
Արմեն Գալջյան (Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար) - Ուղղակի դա ի ցույց չենք դրել հանրությանը, որովհետև երկիրը գտնվել է ծանր վիճակում, և գտել ենք, որ պետք է մեր տարաձայնությունները ինչ-որ պահի սառեցնենք և փորձենք վերականգնելու ուղղությամբ աշխատենք, բայց, ցավոք սրտի, դա չի հաջողվել, չնայած մենք մեծ ջանքեր ենք ուղղել այդ ուղղությամբ:
Ինչ վերաբերում է հրաժարականի անհրաժեշտությանը, ես կարծում եմ, այո՛, դա որևէ տեղ այդպես գրված չէ, բայց քաղաքական տրամաբանությունը և Ընտրական օրենսգրքի տրամաբանությունը դա են հուշում, որովհետև եթե նախկինում կար առանձին քաղաքապետի ընտրություն և առանձին ավագանու անդամների ընտրություն, ապա Ընտրական օրենսգրքում տեղի ունեցավ փոփոխություն, որը նոր տրամաբանություն բերեց ընտրակարգում, այն է՝ համամասնական ընտրությունը, և քաղաքացիները ընտրում են ոչ թե անձերի, այլ ուժերի, ընտրում են համամասնական ցուցակ, և այդ քաղաքական ուժն է որոշում՝ իր ցուցակից ով պետք է դառնա քաղաքապետ: Այո՛, սովորաբար առաջին համարներն են դառնում քաղաքապետ, բայց նաև օրենսդրությունը ավագանուն տվել է լիազորություն, անհրաժեշտության դեպքում և վստահության բացակայության դեպքում փոխել քաղաքապետին, ինչը մենք հիմա անում ենք:
Հեղինակ՝ Աննա Զախարյան