Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ է նշանակել

ԴԴիանա Գասպարյան

ՀՀ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՔԸԼԸՉՆ Է

Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ կնշանակվի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նա կարևորել է փոխվստահության ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Երևանն ու Անկարան վերջերս մի շարք դրական հայտարարություններ են արել։

63-ամյա Սերդար Քըլըչը 1984 թվականից աշխատում է Թուրքիայի արտաքին գերատեսչությունում: 2008-2010 թվականներին Բեյրութում Թուրքիայի դեսպանի պաշտոնն է զբաղեցրել, եղել է նաև Լիբանանում և Ճապոնիայում Թուրքիայի դեսպանը: 2014-2021 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնը:

ԵՄ-Ն 2 ՄԼՐԴ ԵՎՐՈ ԿՆԵՐԴՆԻ ԱԼԳ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Եվրամիությունը մտադիր է ավելի քան 2 միլիարդ եվրո ներդնել Արևելյան գործընկերության ծրագրում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ելույթ ունենալով Արևելյան գործընկերության գագաթնաժողովում։

Նրա խոսքով՝ այդ ներդրումները շոշափելի ազդեցություն կունենան ծրագրին մասնակցող երկրների հասարակությունների վրա և կնպաստեն մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության, գենդերային հավասարության ոլորտների զարգացմանը։ «Մենք միայն միասին կարող ենք խաղաղություն, կայունություն և բարգավաճում կառուցել։ Մենք պատրաստ ենք աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը»,- եզրափակել է Միշելը:

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱԼԻԵՎԻՆ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԿԻԵՎ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բրյուսելում Արևելյան գործընկերության հանդիպման ժամանակ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին հրավիրել է 2022 թվականի փետրվարին այցելել Կիև՝ մասնակցելու Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա գագաթնաժողովին։ Ուկրաինական կողմը եռակողմ հանդիպումը նախաձեռնել է Ուկրաինայի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համագործակցության տրանսպորտային և նյութատեխնիկական ներուժը, մասնավորապես, Եվրոպա-Կովկաս-Ասիա տարանցիկ երթուղու գործարկման ուղղությամբ աշխատանքների մեկնարկը:

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ

Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը և Թեհրանը համաձայնության են հասել իրանական միջուկային ծրագրի շուրջը: Այս մասին հայտարարել Է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ «Այս համաձայնությունը կարող Է վերացնել մի շարք անհանգստություններ՝ կապված Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հետ, ինչպես նաև հանգեցնել Էլ ավելի մեծ համագործակցության»,- ընդգծել է Աբդոլլահիանը:

Ըստ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության տարածած հայտարարության՝ Քարաջիի միջուկային հետազոտական համալիրում կտեղադրվեն նոր տեսախցիկներ։

«Կազմակերպությունը և Իրանը առկա խնդիրները լուծելու նպատակով կշարունակեն աշխատել այլ ուղղություններով»,- նշված է հայտարարության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում