Կառավարությունը բավարարել է «ԷԳԷԱ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է զբոսաշրջության ոլորտում՝ ներդնելով էլեկտրական սկուտերների առցանց՝ մոբայլ հավելվածի միջոցով վարձակալության ծառայություն։
Գործունեությունը սկզբնական շրջանում իրականացվելու է Երևանում, այնուհետև մարզերում և զբոսաշրջային վայրերում։ Ծրագրի նպատակն է Երևան քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին ապահովել արագ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ տրանսպորտով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 37 մլն դրամի ներդրում՝ էլեկտրական սկուտերների և պահեստամասերի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 9 նոր աշխատատեղ` մինչև 230.000 դրամ միջին աշխատավարձով։ Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 37 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.7 մլն դրամ։
Գործադիրի որոշմամբ՝ «Փյուր Լենդ» ՍՊԸ-ն կներառվի «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: