Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Քանաքեռում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով սպանվել են քաղաքացիներ:
Նոյեմբերի լույս 11-ի գիշերը՝ ժամը 2:45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր են ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։ Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանը (ՀՀԿ-ական նախկին պատգամավոր) ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են։
Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։
Դեպքի վայր մեկնած ոստիկանության, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողները հիշյալ տանը հայտնաբերեցին տարբեր տեսակի հրազեններ՝ 4 ատրճանակ, երկու ինքնաձիգ, 4 տասնյակից ավելի պարկուճ, արնանման հետքեր և այլն։ Տան բակում տղամարդկանց դիեր կային։ Պարզվեց ինքնությունը՝ 43-ամյա Արթուր Ղազարյան ու 37-ամյա Արայիկ Խաչատրյան։ Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։
Քննչական կոմիտեից «Լուրերի» հետ զրույցում հաստատել են, որ սպանվածներից մեկը քրեական աշխարհում Քանաքեռցի Տույ մականունով հայտնի Արթուր Ղազարյանն է: