Նոր նախագծով՝ քաղաքացիություն ստանալու դիմումները 6 ամսվա փոխարեն կքննարկվեն 90 աշխատանքային օրում

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Առաջարկվում է ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի և նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ միաժամանակ օրենքում հստակ ամրագրելով ճանաչման գործընթացն իրականացնող մարմինները: Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացի հանդիսացող չափահաս զավակներ ունեցող անձանց իրավունք վերապահել առանց ՀՀ-ում 3 տարի մշտական բնակության և հայերենով բացատրվելու կարողության պահանջի, ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն»,- ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն է նախատեսվում օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում: Հստակեցվում են երեխաների քաղաքացիության դադարեցման հետ կապված  հարաբերությունները, կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռքբերելու դեպքում քաղաքացիության դադարեցման գործ հարուցելու ընթացակարգը, ինչպես նաև քաղաքացիության դադարեցման վերաբերյալ  կարգավորումները: 

«Նախագծով նախատեսվում է նաև փոփոխել քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը՝ 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր»,- հավելեց Ֆիդանյանը:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են հայերենին չտիրապետելու հիմքով քաղաքացիությունից զրկելուն, ՀՀ քաղաքացիություն շնորհվելուց հետո հայերենի տիրապետման անհրաժեշտությանը, օտարերկրյա քաղաքացիների համար ՀՀ-ում բնակվելու հնարավորություններին, քաղաքացիությունից հրաժարվելու ընթացակարգերին:

Արա Ֆիդանյանի տեղեկացմամբ` հին նմուշի անձնագիր տրվել է 3 մլն 199 հազարից ավելի անձի, ներկայում ժամկետի մեջ է 2 մլն 386 հազարից ավելի անձնագիր: Նշվել է, որ անհրաժեշտ է բավականին ժամանակ` անցում կատարելու կենսաչափական բնույթի անձնագրերի:

Գլխադասային` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը:

Նա կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում