ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների առնվազն ¼-ի պահանջով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով: Հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ:
Այսպես, Ազգային ժողովը քննարկել է որոշման նախագիծը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը քննիչ հանձնաժողովի նախաձեռնության խմբի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանին հարց ուղղեց՝ կապված հանձնաժողովի՝ առաջարկվող անդամների թվի հետ.
«Մենք զույգ թիվ ենք ընտրել՝ 10: Նախնական քննարկում ենք իրականացրել և լրամշակված տարբերակը պետք է ներկայացնեիք: Արդյո՞ք 11 թիվը, այսինքն՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը մեկով ավելացնելն ընդունելի է ձեր կողմից, և դուք կներկայացնեք նախագծի լրամշակված տարբերակը»:
«Որևէ կերպ չենք առարկում, թող լինի 11»,- ասաց Մամիջանյանը:
Հարցի քննարկման ընթացքում կրքերը լարվեցին, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որոնք ամբիոնից հեռացրին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին: