Տիկին Շողիկն անհամբեր շտապում է դեպի որդուն փրկած բժիշկը՝ Լևոն Խաչատրյանը: Բժիշկ Խաչատրյանը պատերազմի ժամանակ մի քանի անգամ կազմակերպել է, Ֆրանսիայից Հայաստան բերել բժիշկների մեծ խմբեր: Այսօր արդեն խաղաղ պայմաններում մարդիկ իրենց գոհունակությունն են հայտնում բժիշկներին:
Երևանի պետական բժշկական համալսարանը կազմակերպել է հայ-ֆրանսիական առաջին համաժողովը՝ քննարկելու պատերազմի օրերին արված աշխատանքը, ապագայի հետ կապված ծրագրերը: Ֆրանսիացի 35 բժիշկ հայ գործընկերների հետ այսօր մասնագիտական հարցեր էր քնարկում:
Լևոն Խաչատրյան, Դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ, Ֆրանսիա - Հիմա արդեն սուր փուլն անցել է, ժամանակն է հայացք գցել ապագային: Այդ հարցերի քննարկումներն ուզում ենք անել տեղում՝ մեր գործընկերների, բժշկության կազմակերպիչների հետ, որպեսզի ինչ-որ երկարաժամկետ և կայուն, հուսամ՝ հզոր և օգտակար կառույց կամ կառույցներ ձևավորվեն, որ նպաստեն Հայաստանի ու հայ ժողովրդի բժշկական սպասարկման որակը բարելավելուն:
Ցավոք, ոչ թե առղջապահության ոլորտի ինովացիոն փոփոխություններն ենք քննարկում, այլ թե ինչպես կարողանալ պատերազմի հետևանքով տուժած զինվորին ու խաղաղ բնակչությանն օգնել՝ հայտարարեց բժշկական համալսարանի ռեկտորը:
Արմեն Մուրադյան, ԵՊԲՀ ռեկտոր - Մեր երկու ժողովուդները կարողացել են հասունացման ամենաբարձր դրսևորմամբ ձևավորել Զինվորի տուն հաստատությունները: Զինվորի տունը, որն ստեղծվեց ԵՊԲՀ-ի հենքին, կրկնօրինակեց Փարիզի ինվալիդների տունը: Համոզված եմ, որ այսօրվա գիտաժողովն իր բազմազանությամբ կհարստացնի մեր՝ արդեն իսկ դառը, բայց շատ կարևոր փորձը՝ ինչպես ապաքինենք, ինչպես ոտքի հանենք մեր հայրենիքի պաշտպաններին:
Երևանի պետական բժշկական համալսարանում արդեն ֆրանսերեն կսովորեն, բժշկականի ուսանողները նաև Փարիզում վերապատրաստվելու հնարավորություն կունենան: Հայ-ֆրանսիական առողջապահական և կրթական ծրագրերը բազմաթիվ են:
Վահրամ Դումանյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար - Վերջին 30 տարիների ընթացքում մեր ժողովուրդների մնջև պատմականորեն ձևավորված բարեկամության հիմքով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորվել են միջպետական մակարդակով առանձնաշնորհյալ հարաբերություններ:
Դրա վառ ապացույցը նաև 44-օրյա պատերազմի օրերին, ինչպես նաև հաջորդ մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայի կողմից ցուցաբերած բժշկական շարունակական աջակցությունն է՝ ավելացրեց նախարարը:
Գայանե Հովհաննիսյան, Բժիշկ-ռեանիմատոլոգ - Շատ կարևոր է, որ այսպիսի միջոցառումների ժամանակ քննարկվում են վիրավորների մասսայական հոսքերի ժամանակ կատարվելիք աշխատանքը՝ սկսած աղետի գոտուց, մինչև մասնագիտացված և բազմապրոֆիլ հիվանդանոցներ:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հույս հայտնեց, որ հայ-ֆրանսիական գործակցությունը խաղաղ պայմաններում կշարունակվի:
Անն Լույո, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան - Մեր համագործակցությունը պիտի շարունակվի խաղաղ պայմաններում՝ զարգացման ծրագրերի համատեքստում: