Հայաստանի պետական պարտքը, օգոստոս ամսվա տվյալով, 8 մլրդ 952 մլն դոլար է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ աճել է մոտավորապես 19.6 տոկոսով. 2020 թվականի 8 ամսվա ընթացում պետական պարտքը եղել է 7 մլրդ 482 մլն: Աճի հիմքում տարեսկզբին եվրապարտատոմսերի թողարկման միջոցով մոտ 750 մլն արտաքին պարտքի ու գանձապետական պարտատոմսերով ներքին պարտքի ներգրավում է՝ պարզաբանում է գործադիր իշխանության ներկայացուցիչն ու վստահեցնում՝ պարտքը կայուն ու կառավարելի է:
Էդուարդ Հակոբյան (ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ) - Յուրաքանչյուր տարի մեր կողմից իրականացվող պարտքի ռիսկերի համապարփակ ախտորոշումը ցույց է տալիս, որ չնայած պարտքի բեռի աճին, որ տեղի ունեցավ բնականոն իրավիճակում, մենք արձագանքեցինք ճգնաժամին համապատասխան միջոցառումներով: Մեր գնահատականները ցույց են տալիս, որ պարտքը շարունակում է մնալ կառավարելիության ու կայունության տիրույթում:
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչ Գևորգ Պապոյանն էլ պետական պարտքի նման աճը պայմանավորում է կորոնավիրուսի համավարակի ստեղծած ճգնաժամով ու 44-օրյա պատերազմով: Նրա խոսքով՝ Կառավարությունը 2 տարբերակ ուներ՝ գնալ ծախսերի զանգվածային կրճատման կամ խթանող քաղաքականություն վարեր, այսինքն՝ հիմնական ծախսերն արվեին, իսկ բացը լրացվեր վարկային միջոցներ ներառելով: Կառավարությունը գնացել է 2-րդ ճանապարհով:
Գևորգ Պապոյան (ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Եթե մենք այդ ընթացքում ավելի քիչ ծախսեինք, ապա մեր տնտեսական անկումն ակնհայտորեն ավելի մեծ կլիներ:
Պետական պարտքի առյուծի բաժինը՝ 6 մլրդ 185 մլն, արտաքին պարտքն է, ներքինը 2 մլրդ 295 մլն դոլար է: Այս պահին պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 62.3 տոկոս է, այսինքն՝ գերազանցում է Պետական պարտքի մասին օրենքով սահմանված 60 տոկոսի շեմը:
Էդուարդ Հակոբյան - Շեմերը ճկուն են, այսինքն՝ հնարավորություն են տալիս շոկային ու ցնցումային իրավիճակներում, ինչպիսին էին, օրինակ, անցած տարվա համավարակն ու պատերազմը, շեղվել շեմերից, հետո համապատասխան ճշգրտումներ մտցնել մեր քաղաքականության մեջ ու վերադառնալ ավելի ցածր մակարդակների: Գրաֆիկում կտեսնեք, որ ապագա 5 տարվա համար մենք նախատեսում ենք պարտքերի նվազում՝ 60 տոկոս շեմից հասնում ենք մոտավորապես ՀՆԱ-ում 54 տոկոս մակարդակի:
ՀՆԱ-պետական պարտք հարաբերակցությունը երբ անցնում է 50 տոկոսի շեմը, Կառավարությունը պետական պարտքի նվազեցման ծրագիր պետք է ներկայացնի, ինչն արվել է: Վարկային բեռի նվազեցման ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն, բայց վտանգավոր որևէ բան չկա՝ վստահեցրեց Գևորգ Պապոյանը:
Գևորգ Պապոյան - Ամենակարևորը վարկային միջոցներն արդյունավետ ծախսելու հարցն է, այսինքն՝ ինչի համար ես վերցնում, որտեղ ես ծախսում, արդյոք ուղղությունները, որտեղ ծախսում ես, հետ կգա՞ն, թե՞ ոչ: Զգալի միջոցներ հիմնական կապիտալի մեջ են ներդրվել, այսինքն՝ ներդրվել են ոլորտներում, որ ամբողջ ծախսածածկումն ապահովելու են և այդ ներդրումների միջոցով կկարողանան փակել պարտքի գոյացած հատվածը:
Պետական պարտքի կառավարելիության մեջ մեծ նշանակություն ունի տնտեսական աճը, իսկ Կառավարությունն այս տարի 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, այսինքն՝ ՀՆԱ-պետական պարք հարաբերակցությունը կբարելավվի:
Էդուարդ Հակոբյան - Ինչպես տեսնում եք՝ մեր առաջ թիրախ ունենք՝ պարտքի բեռը նվազեցել: Կարևոր հանգամանք շեշտադրեմ, որ դա արհեստական նվազեցում չէ, քանի որ պլանավորում ենք նվազեցնել տնտեսական աճ գեներացնելով, որը պետական բյուջեի տեսանկյունից կարևոր է ենթակառուցվածքների մեջ ներդրումներով, օրինակ՝ ոռոգման ջուր, «Հյուսիս-հարավ»:
Պետական պարտքի բեռը մեծացել է ոչ միայն Հայաստանի համար. կորոնավիրուսի համավարակն աշխարհի զարգացած երկրների վարկային պարտավորությունները նույնպես մեծացրել է:
Էդուարդ Հակոբյան - Պետք է փաստել, որ պարտքի բեռի ավելացումը բնականոն է ամբողջ աշխարհի համար, մենք զարգացող աշխարհի հունով բնական պարտքի բեռի աճ ենք ունեցել:
Գևորգ Պապոյան - Աշխարհի շատ երկրներ, ավելի ճիշտ՝ բացարձակ մեծամասնությունը, մեծ պարտքեր են կուտակել, որ տնտեսության մակարդակը պահեն նախորդ նույն ժամանակահատվածի վրա, կամ ռեզերվ են ունեցել ու ռեզերվներն են ծախսել, որը մենք չունեինք:
Այն, որ ամբողջ աշխարհում պարտքի բեռն ավելացել է, վկայում է նաև համաշխարհային պարտքի աճի ցուցանիշը, որը, ըստ Ֆինանսների միջազգային ինստիտուտի տվյալների, հասել է մոտ 300 տրիլիոնի: Փորձագետների գնահատմամբ՝ հիմքում COVID-19-ի համավարակն է: Ուշագրավ է, որ աշխարհի մակարդակով զարգացող երկրների պետական պարտքն է ավելի շատ մեծացել, օրինակ՝ Չինաստանի պարտքը հասել է 36 տրիլիոնի: Սակայն նկատենք, որ համաշխարհային վարկանիշային կազմակերպությունները ՀՀ պետական պարտքի հետ կապված բացասական ազդակներ չեն նշել: Նախորդ ամիս Moody's վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով: Հրապարակման մեջ ընդգծվել է, որ երկրի տնտեսական հիմնարարները, այդ թվում՝ տնտեսական հզորությունը, երկրի ինստիտուտները և կառավարման հզորությունը, հարկաբյուջետային և ֆինանսական հզորությունը, այդ թվում` պարտքի պրոֆիլը էականորեն չեն փոխվել, սակայն երկիրը գնալով դառնում է առավել ընկալունակ պատահական ռիսկերի նկատմամբ:
Հեղինակ՝ Անի Օհանյան