Սիրիական SANA գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ուղղաթիռները կիրակի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռված գրոհայինների երկու խմբի տեղափոխել են Հասեկե նահանգի հարավում տեղակայված Աշ-Շադդադի բազա: Մոտ 60 մարդ է դուրս բերվել Քամիշլի բանտից, որտեղ նրանք 2019-ին ԻՊ խմբավորումների ջախջախումից հետո պահվում էին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կուսակցության քրդերի պաշտպանության ներքո:
SANA-ի տվյալով՝ գրոհայինները վերապատրաստում կանցնեն ԱՄՆ ռազմաբազայում, որից հետո կմիանան «Ջեյշ ալ-Աշաիր» խմբավորմանը, որը մասնակցում է Սիրիայի հյուսիս-արևելքում ամերիկյան հրամանատարության իրականացրած գործողություններին: Նախկին բանտարկյալներն Իրաքի, Սաուդյան Արաբիայի և Թունիսի քաղաքացիներ են:
ԱՄՆ աջակցությունը ստացող «Սիրիայի դեմոկրատական ուժերը» վերահսկում են Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները, որտեղ կենտրոնացված են երկրի նավթի հիմնական հանքավայրերը: 2015 թվականից ԱՄՆ հրամանատարությունը ինը բազա է հիմնել Սիրիայի հյուսիս-արևելքում, և այնտեղ տեղակայված ամերիկյան զորքերն օգնում են «Սիրիայի դեմոկրատական ուժերին» ԻՊ ահաբեկիչների դեմ պայքարում, որոնք վերջին շրջանում ակտիվացել են:
Դամասկոսը ԱՄՆ ռազմական ներկայությունը դիտարկում է որպես «երկրի անօրինական օկուպացիա, որն ուղեկցվում է Սիրիայի ժողովրդին պատկանող բնական պաշարների թալանով»: