Հարավաֆրիկյան գեղեցկուհուն վերջին տարիներին մեծ քանակությամբ նաև Հայաստանում են աճեցնում:
Եթե նախկինում հիմնականում ներկրվում էր, այսօր արդեն «Հերբերա» տեսակի ծաղիկը ոչ միայն բավարարում է ներքին պահանջարկը, այլև մեծ քանակությամբ արտահանվում է:
Արարատի մարզի Բուրաստան համայնքում գտնվող այս ջերմոցում աճեցվող հերբերայի գրեթե ամբողջ քանակությունը ևս արտահանվում է: Հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն: Համլետ Մանուկյանը երկու տարի է՝ ինչ գաղափարը վերածել է շահավետ բիզնեսի:
Հայաստանը վերջին տարիներին ներմուծողից դարձել է ծաղիկ արտահանող երկիր: Պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ եթե 2017 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 25 (25.4) տոննա ծաղիկ, արդեն 2020 թվականին 122 (122.3) տոննա: Հայկական ծաղիկների հիմնական գնորդը շարունակում են մնալ Ռուսաստանի Դաշնությունն ու Վրաստանը: Հիմնականում արտահանվում են վարդ, մեխակ, հերբերա, կակաչ ու քրիզանթեմ։
Արտահանման ծավալների աճին զուգահեռ նվազել է ներմուծումը: Եթե 2017 թվականին մեր երկիր է ներմուծվել մոտ 35 (35.6) տոննա ծաղիկ, ապա 2020 թվականին՝ ընդամենը 4 (4.2) տոննա: Ծաղիկներ, ծաղկեփնջի ծաղիկներ, դեկորատիվ կանաչ ու կոկոններ Հայաստան ներկրվում է Ռուսաստանից, եվրոպական երկրներից, Իրանից, Էկվադորից, Թայլանդից, Թուրքիայից, Բելառուսից, Վրաստանից և Սերբիայից: Ներմուծում ենք հիմնականում վարդ, խոլորձ, անթուրիում, կակտուս, մագնոլիա, կլիվիա և մի շարք այլ ծաղկատեսակներ:
Հայաստանում ծաղիկների արտադրությամբ զբաղվում է գործող ջերմատների մոտ 40 %-ը: Հիմնականում աճեցնում են վարդ, մեխակ և հերբերա։ Ջերմատների ավելացմանը նպաստել են պետական աջակցության ծրագրերը՝ ասում է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետը:
Այս ծրագիրն աշխատում է փոխհատուցման բաղադրիչով: Ջերմոցատերերին Կառավարությունը տրամադրում է մեկ քառակուսի մետրի համար 4000-ից մինչև 15 000 դրամ փոխհատուցում:
Իռա Փանոսյանի խոսքով՝ այսօր Կառավարությունը խրախուսում է նա նոր տեխնոլոգիաներին համապատասխան ջերմատների կառուցումը, ինչն էլ թույլ է տալիս նվազեցնել ծախսերը:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան