ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՄԱՆԸ. ԿԼԱԱՐ
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքու մեկնելուց առաջ այցելել է Երասխ: «Երկօրյա ինտենսիվ հանդիպումներից հետո ավարտում եմ Հայաստանում իմ լավ այցը: Երասխի այցելությունը լավ պատկերացում է տալիս, թե որքան մոտ են Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական դիրքերը։ Կարևոր է սահմանին թուլացնել լարվածությունը` բանակցություններում մթնոլորտը բարելավելու համար։ Եվրամիությունը պատրաստ է աջակցել դրան»,- Թվիթերում գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։ Տոյվո Կլաարը այսօր կլինի Բաքվում։
ԱՎԱՐՏՎԵՑԻՆ «ԱՐԵՎՄՈՒՏՔ-2021» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սեպտեմբերի 15-ին ավարտվեցին ռուս-բելառուսական «Արևմուտք-2021» ռազմավարական համատեղ զորավարժությունները։
Փակման արարողությունն անցկացվել է Նիժնի Նովգորոդի շրջանում գտնվող Մուլինոյի փորձադաշտում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալի գնահատմամբ՝ զորվարժությունները ցույց տվեցին, որ կարող են սթափեցնել ցանկացած թշնամու։ Ռուսաստանի ու Բելառուսի արևմտյան շրջաններում՝ Բալթիկ ծովից մինչև Բելառուսի փորձադաշտերում անցկացված զորավարժություններին ներգրավված էին 200 հազար զինծառայող, ռազմական տեխնիկա, այդ թվում՝ օդանավեր, ուղղաթիռներ և տասնյակ ռազմանավեր։
ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԽՄԿ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ
Սեպտեմբերի 14-ին Ժնևում կայացել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պիտեր Մաուերի հետ: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղում, Աֆղանստանում, Սիրիայում մարդասիրական վիճակը: Այդ համատեքստում վերանայվել են Ռուսաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխգործակցության ամրապնդման պրակտիկ ասպեկտները:
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ
Հումանիտար ճգնաժամն ահագնացող չափերի է հասնում Աֆղանստանում: Երկրի արտգործնախարարը միջազգային հանրությունից մարդասիրական օգնություն է խնդրել: Այնտեղ քաղաքական ճգնաժամի մասին լուրեր են տարածվում: Լրատվամիջոցները հայտնում են՝ Աֆղանստանի փոխվարչապետ Մուլլա Աբդուլ Ղանի Բարադարը զոհվել է շարժման այլ բարձրաստիճան ներկայացուցչի հետ փոխհրաձգության պատճառով։ Բարադարը, որը Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող «Թալիբանի» քաղաքական գրասենյակի ղեկավարն էր, վերջերս էր նշանակվել Աֆղանստանի փոխվարչապետ, մի քանի օր է՝ հանրության առջև չէր հայտնվել։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Քաբուլում իշխանության բաժանման պատճառով ներքին հակասություններ են առաջացել «Թալիբանի» ներսում։ Շարժումը հերքում է փոխվարչապետի մահվան մասին լուրերը:
ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԿՁԵՐԲԱԿԱԼՎԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ. ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և նրա մաֆիոզ հանցախումբը հոգեբանական պայքար է վարում Վրաստանի բնակչության դեմ. այս կարծիքին է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա ասել է, որ երկրի նախկին ղեկավարը, չնայած բոլոր խոստումներին, չի պատրաստվում վերադառնալ հայրենիք, բայց եթե նա դրա համարձակությունն ունենա, ոստիկանությունը կձերբակալի նրան հենց օդանավակայանում: Սեպտեմբերի 6-ին Միխեիլ Սաակաշվիլին հերթական անգամ հայտնել էր հոկտեմբերի 2-ին՝ ութ տարի անց, հայրենիք գնալու մասին՝ ՏԻՄ ընտրություններին հետևելու համար:
ԿԺԴՀ-Ն ԵՐԿՈՒ ՀՐԹԻՌ Է ԱՐՁԱԿԵԼ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԾՈՎԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հյուսիսային Կորեան այսօր երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Հրթիռների տեսակն դեռ հայտնի չէ:
Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները ուսումնասիրում են մանրամասները։ Ճապոնիան նորից դատապարտել է Փհենյանի այդ քայլը: Այս շաբաթ Հյուսիսային Կորեան արդեն երկրորդ անգամ է հրթիռ արձակում: Վիճակը քննարկելու համար Հարավային Կորեա է մեկնել Չինաստանի արտգործնախարարը:
ԵՄ-Ն ՄՏԱԴԻՐ Է ԲԱՐԵՓՈԽԵԼ ՇԵՆԳԵՆՅԱՆ ԳՈՏԻՆ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ը մտադիր է բարեփոխել Շենգենյան գոտին`միգրացիոն սպառնալիքներն արգելափակելու համար: Նա դա ասել է ԵՄ անդամներին ուղղված «2021 թվականին ԵՄ դիրքորոշման մասին» ուղերձում:
Եվրահանձնաժողովի ղեկավարն անդրադարձել է նաև Բելառուսից դեպի բալթյան երկրներ շարունակվող միգրացիոն հոսքերին: Նա ընդգծել է, որ Մինսկը «հիբրիդային պատերազմ» է վարում՝ օգտագործելով միգրանտներին: Լայենը շեշտել է, որ Եվրոպան չպետք է համակերպվի դրա հետ, և Եվրամիությունը կշարունակի աջակցել անօրինական միգրացիայի խնդրին բախված Լիտվային, Լատվիային և Լեհաստանին: