Պետության կողմից անվճար, արտոնյալ պայմաններով անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրելու շրջանակում չկա որևէ չկատարված ծառայություն, պլանային վիրահատությունների, հետազոտությունների հերթագրման սկզբունքի կիրառման ավելի խիստ մոտեցում է գործում` հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
Նրա խոսքով՝ անհետաձգելի բժշկական օգնություն տրամադրելու շրջանակում որևէ կասեցված, չկատարված ծառայություն չունեն: «Այո, ունենք պլանային վիրահատությունների, հետազոտությունների հերթագրման սկզբունքի կիրառման ավելի խիստ մոտեցում: Մենք տարվա սկզբին ունենք որոշակի բյուջե, որի շրջանակում կնքում ենք պայմանագրեր ԲԿ-ների հետ, որոնք իրենց համամասնության շրջանակում, հերթագրելով, բաղդատելով կարևոր անհետաձգելի և ըստ ցուցումների դեպքերը, իրականացնում են ընդհանուր բժշկական օգնությունը»,- շեշտեց նախարարը:
Ավանեսյանի ներկայացմամբ՝ առողջապահության ոլորտի ճշգրտված բյուջեն, չհաշված կորոնավիրուսով պայմանավորված ծախսերը, կազմում է 114 մլրդ 495 մլն դրամ, առողջապահական բյուջեի ընդհանուր աճը 33 տոկոս է: «Եվ այդ աճի շրջանակներում ու Կառավարության կողմից լրացուցիչ ծրագրերի մեկնարկի շրջանակներում մենք ունենք դիմելիության աճ, ունենք, ցավոք սրտի, հիվանդացության աճ, որը պայմանավորված է նաև կորոնավիրուսով: Դրան Կառավարությունը շատ արագ արձագանքում է: Այսօր արդեն ուռուցքաբանության մասով ունենք համալրում. պետությունը լրացուցիչ 550 մլն դրամ հատկացրել է, որ մեր քաղաքացիները հանգիստ կերպով ստանան իրենց անհրաժեշտ բժշկական օգնությունը: Լրացուցիչ հատկացվել է նաև 2 մլրդ դրամ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների տրամադրման մասով: Այսինքն՝ Կառավարությանը, մի կողմից հետևելով դիմելիության աճին, հոսպիտալացման օբյեկտիվությանը, անելով վերլուծություններ, մոնիթորինգներ, մի կողմից զսպում է բյուջետային կարգապահության շրջանակներում իրականացվող ծառայությունները, մյուս կողմից էլ բոլոր անհրաժեշտ դեպքերում հատկացնում է լրացուցիչ միջոցներ, ֆինանսներ, որպեսզի այն լայնածավալ ծրագրերը, որոնք մեկնարկել են 2018-ից հետո, պատշաճ կերպով բավարարվեն»,- ասաց նա: