Վերջին անգամ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի էր ունեցել 8 տարի առաջ: Երևանում անցկացվող 8-րդ նիստին Ուկրաինան մասնակցում է մեծ պատվիրակությամբ: Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ընդգծում է՝ միջկառավարական հանձնաժողովի գործադրած ջանքերը լավ հիմքեր կստեղծեն հայ-ուկրաինական առևտրատնտեսական հարաբերությունները էապես բարելավելու համար:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Հայ-ուկրաինական հարաբերությունները շատ մեծ և չիրացված ներուժ ունեն, մասնավորապես, արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Հուսով եմ՝ մեր հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա 2022 թվականի մայիսին, կարող ենք արդեն խոսել զգալի հաջողությունների և առաջընթացի մասին:
2021-ի առաջին կիսամյակում երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 67 մլն դոլար, արտահանումն աճել է 1.5 տոկոսով: Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարն ասում է՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու իրական ներուժ կա:
Մարինա Լազեբնայա (Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար) - Այսօր նշանակալի օր է Ուկրաինայի և Հայաստանի համար: Ուկրաինան ի դեմս Հայաստանի միշտ էլ տեսել է կարևոր գործընկերոջ Հարավային Կովկասում: Կորոնավիրուսի հարուցած գլոբալ ճգնաժամից հետո՝ այս տարվա առաջին կիսամյակում մենք տեսնում ենք դրական դինամիկա մեր առևտրատնտեսական հարաբերություններում, և այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարևոր է ապահովել Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների երկարաժամկետ զարգացումը մեր երկրների համար առանցքային ոլորտներում: Հուսով եմ՝ այս հանդիպումը, որ վաղուց չէր եղել, նոր թափ կհաղորդի հայ-ուկրաինական հարաբերություններին:
Մարինա Լազեբնայայի խոսքով` գործակցության լավ հնարավորություններ կան, մասնավորապես, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դեղագործական, IT տեխնոլոգիաների և էներգետիկ ոլորտներում: Նիստի ավարտին ստորագրվեց նաև համագործակցության հուշագիր երկու երկրների կարգավորող մարմինների միջև: Ուկրաինայի կաբելային ցանցով կհեռարձակվեն հայկական հաղորդումներ: Ուկրաինան ևս նման հնարավորություն կստանա: Նախաձեռնությունը հայկական կողմինն է:
Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհրդի անդամ Մաքսիմ Օնոպրիենկո - Հուշագրի ստորագրումը ձևական բնույթ չի կրում, և մենք գիտենք, թե ինչ քայլեր պետք է իրականացնենք արդյունքի հասնելու համար: Այն բոլոր մարտահրավերները, որոնց առջև կանգնած են Ուկրաինան և Հայաստանը, նույն են՝ ատելության խոսքի տարածում և տեղեկատվական անվտանգություն: Այդ առումով մեր երկրների փորձը երկուստեք օգտակար կլինի:
Ընթացիկ տարվա մայիսին նման հուշագիր կնքվել է ռուսական կարգավորող մարմնի հետ, առաջիկայում նախատեսվում է նման հուշագիր կնքել նաև Բելառուսի հետ:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան