60 և ավելի սանտիմետրանոց այս փոսը Կոտայքի մարզի Զորավան համայնքում գտնվող, 7-րդ դարով թվագրվող Զորավար եկեղեցի-հուշարձանի տարածքում միակը չէ ու ոչ էլ առաջին անգամ է այս տարածքում այսպիսի փոս հայտնվել: Թե ովքեր են դրանք փորել, հայտնի չէ: Տարածքը պահպանողների կարծիքով՝ փորձել են գանձեր գտնել: Եվս մեկը՝ քարերով լցված, մեր նկարահանման պահին նկատեցին Հուշարձանների պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզի աշխատակիցները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ Կոտայքի մարզային ծառայության պահապան Էդգար Միրիբյանն է հերթական շրջայցի ժամանակ արձանագրել փոսերը:
Ծառայության պետը նշում է՝ ամեն մի պահապան 5-6 գյուղ է հսկում, 7-10 օրը մեկ են տարածքում լինում, ավելի հաճախ չեն հասցնի՝ հուշարձանները շատ են, պահապանները՝ 11-ը:
Սմբատ Խաչատրյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ Կոտայքի մարզային ծառայության պետ - Կոտայքի մարզում ունենք 3208 հուշարձան, մի մասը հանձնված է Մայր Աթոռի հսկողությանը:
Գանձախուզության դեպքեր մարզում այս տարի արդեն 2 անգամ արձանագրել են՝ այլ տարածքներում: Բոլոր դեպքերով դիմել են իրաապահներին:
Իսկ այս տարածքում սա երկրորդ դեպքն է: Առաջինը Եկեղեցուց մոտ 200 մետր հեռավորության վրա գտնվող 13-րդ դարի մատուռի մոտ է եղել, որի շրջակայքում գերեզմանոց է:
Սմբատ Խաչատրյանը կարծում է՝ տարածքը գրավում է մատուռի շուրջ գտնվող գերեզմանոցի ու եկեղեցու տակ գտնվող դամբարանադաշտի պատճառով:
Սմբատ Խաչատրյան - Փորձել են գտնել ինչ-որ հնություն, որն արժեք է ներկայացնում:
Խաչատրյանը կարծում է՝ չի հաջողվել գտնել, ամեն դեպքում՝ այս և մյուս բոլոր դեպքերով զբաղվում են իրավապահները: Հուշարձանի ծառայության աշխատակիցներն էլ կփորձեն ավելի հաճախ լինել տարածքում՝ նման դեպքերը բացառելու համար:
Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների տարածքներում արձանագրվել է գանձախուզության, գանձագողության 8 դեպք։