Ակնհայտ է, որ ՀՀ-ն գտնվում է ճակատագրական ու շրջադարձային հանգրվանում, մի կետի վրա, որտեղից շարունակությունը վճռորոշ է լինելու մեր պետության և պետականության համար. այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը:
«Հույս ունեմ, որ այսօրվա քննարկման ոճաբանությունը, բովանդակությունը, դրա խորությունն ու մթնոլորտը համապատասխան կլինի այն օրակարգին, որի առաջ այսօր կանգնած է մեր երկիրը: Համենայն դեպս, մեր քաղաքական թիմը տրամադրված է այդպիսի քննարկման, որտեղ բացակա է վիրավորանքն ու հայհոյանքը, հնարավորինս քիչ է աղմուկը և հնարավորինս շատ է փաստարկը, վերլուծությունը, այո՛, քննադատությունը, որը, սակայն, բանավեճ է ենթադրում և ոչ թե վիճաբանություն»,- ասաց Փաշինյանը:
Վերը նկարագրվածի ֆոնին Փաշինյանն արձանագրեց, որ պետության ու ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման իմաստով ձեռքբերումներ կան:
«Հանուն լավատեսական նոտայով սկսելու անհրաժեշտության, պիտի արձանագրեմ, որ վերջին ամիսներին մենք կարևոր ձեռքբերում ենք ունեցել մեր պետության ու ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման իմաստով, և բազմամյա չլուծված օրակարգեր ի վերջո անշրջելի լուծում են ստացել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններով:
Դեռ ավելին, ընտրությունների ինստիտուտը ՀՀ-ում նորովի դրսևորվեց 2021 թվականին: Երրորդ հանրապետության պատմության միջին վիճակագրական ընտրական ստանդարտը հետևյալն էր՝ ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը հետևում էին իշխանության կողմից ընտրությունների կեղծման մասին վկայող համոզիչ փաստեր: Այդ ամենը զուգորդվում էր հանրային, քաղաքական հուզումներով, ի հայտ էր գալիս կամ ավելի էր խորանում ներքաղաքական ճգնաժամը»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ 2021 թվականի արտահերթ խորհրդաանական ընտրություններն հակառակ ազդեցությունն ունեցան:
«Ընտրությունների արդյունքներով՝ հանրային, քաղաքական հուզումների մթնոլորտը հաղթահարվեց, հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը»,- ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ 44-օրյա աղետալի պատերազմից հետո, ավելի կոնկրետ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև քարոզարշավի ավարտը, ներքաղաքական դիսկուրսը կառուցվում էր գործող իշխանության ներկայացուցիչներին, մասնավորապես վարչապետին, նրա և իշխանության այլ ներկայացուցիչների ընտանիքների անդամներին դավաճանության, հողեր հանձնելու, հողեր վաճառելու, կապիտուլյացիայի մեջ մեղադրելու և հետևաբար նրանց պատժելու, հաշվեհարդարի ենթարկելու, ընդհուպ հրապարակային գնդակահարելու տրամաբանության վրա:
«Գործնական դրսևորումը տեսանք ԱԺ նախագահ, ներկայումս արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի դեմ տեղի ունեցած մահափորձի, կառավարական շենքերի դեմ տեղի ունեցած հարձակումների տեսքով: Պատմական շատ նախադեպեր կան, երբ նման իրավիճակներում կառավարությունները կա՛մ փախչում են պատասխանատվությունից, կա՛մ դիմում միջնորդների, կա՛մ դիմում ուժի: Մենք չդիմեցինք ո՛չ միջնորդների, ո՛չ ուժի: Մենք դիմեցինք մեր ժողովրդին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նախաձեռնելով և ասելով, որ ենթարկվելու ենք ժողովրդի կայացրած ցանկացած որոշմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: