Խորհրդարանը հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկեց ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարմամբ: Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է սահմանել վարորդների հանգստի և աշխատանքի ժամանակահատվածները, թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ընդհանուր օգտագործման ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո կառավարությունը որոշակի փոփոխություններ է առաջարկել, որոնք ընդունվել են ԱԺ գլխադասային հանձնաժողովի կողմից: Տախոգրաֆի կիրառման բացառությունները սահմանող դրույթներում «զինված ծառայությունների» բառերը փոխարինվում են «պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ԱԱԾ մարմինների կողմից կամ նրանց պատկանող տրանսպորտային միջոցների» բառերով: Սահմանվել են տեսչական վերահսկողության իրականացման պահանջները:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը խորհրդարանին փոխանցեց հանձնաժողովի դրական եզրակացությունը: