Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը շարունակում է շրջայցեր կազմակերպել օկուպացված Շուշիում: Այս անգամ քաղաք են այցելել Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների ղեկավարները: Ազգային ժողովի պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Բաքվի այս քայլը սադրիչ է որակում:
Տաթևիկ Հայրապետյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ) - Բնականաբար, Ադրբեջանը մաքսիմալ օգտագործում է Շուշիի դերը սիմվոլիկ դերը, գործոնը և փորձում դրանով նաև փաստացի որոշակի սադրիչ գործողությունների գնալ, նախկինում դեսպանների այցը ևս դրա մասին էր փաստում:
Բացի Շուշի այցից, Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակները նաև համատեղ հռչակագիր են ստորագրել: Ըստ Հայրապետյանի՝ այսշ կերպ փորձ է արվում մեծացնել տարածաշրջանում Իսլամաբադի ներկայացվածությունը:
Տաթևիկ Հայրապետյան - Համագործակցությունը կրում է ոչ միայն հռչակագրային բնույթ, այլ նաև զորավարժություններ են կազմակերպում, անցկացնում համատեղ: Ըստ էության, փորձում են Պակիստանին ներգրավել նաև տարածաշրջանում հարցերը լուծելու նպատակով՝ հասկանալով Պակիստանի դիրքորոշումը մոտեցումները: Եթե հետևենք հայտարարություններին, նշվում է, որ միասնաբար են կայունություն բերելու տարածաշրջանում, ըստ էության, այսինքն՝ միասնաբար անցնելու են իրենց հավակնոտ և վտանգավոր ծրագրերի իրագործմանը:
Փորձագետներն այս զարգացումներում ուղղակիորեն սպառնալիք են տեսնում ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, այլև՝ տարածաշրջանի մյուս երկրների համար:
Ստեփան Գրիգորյան (քաղաքագետ) - Մեր տարածաշրջանը Պակիստանին պետք էլ չէ, ուղղակի Ադրբեջանն ուզում է ներգրավել Պակիստանին մեր գործերի մեջ: Հայտնի է, որ Ադրբեջանը վաղուց է աշխատում Պակիստանի հետ, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում, հայտնի է, որ Պակիստանը միշտ հակահայկական դիրքորոշումներ ունի միջազգային հարթակներում, ու Ադրբեջանին ձեռնտու է Պակիստանին որքան հնարավոր է մոտ բերել մեր տարածաշրջանին: Դա է պատճառը, որ այս նախաձեռնությունները հիմա շատ ակտիվ առաջ է տանում Ադրբեջանը:
Եթե Ադրբեջանը փորձում է տարածաշրջան բերել իր բարեկամ պետություններին, ապա Հայաստանն էլ պետք է նույնն անի: Այս կարծիքին է Ստեփան Գրիգորյանը:
Ստեփան Գրիգորյան - Մենք էլ պետք է բերենք մեր տարածաշրջան, օրինակ՝ Հնդկաստանին: Հնդկաստանը բարեկամ երկիր է մեզ համար, դուք գիտեք՝ ինչ լուրջ տարաձայնություններ ունեն Պակիստանի հետ Քաշմիրի հարցում: Կա բարեկամ մեզ համար ժողովուրդ, որի շահերը մեզ հետ համընկնում են:
Փորձագետները Հայաստանի և Հնդկաստանի հարաբերությունները խորացնելու մեծ հեռանկար են տեսնում: Հիշեցնում են՝ պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել Հնդկաստանը Եվրոպային կապող նոր տնտեսական միջանցքի գործարկման ուղղությամբ, որն անցնելու է Հայաստանի տարածքով:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան