ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց նախագիծ, որը վերաբերում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման առաջին ծրագրին: Քերոբյանի խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել փոխել միջոցառման տրամաբանությունը:
«Նախագծով թույլ են տալիս, որպեսզի այս ծրագրից օգտվեն Սյունիքի մարզում կառուցապատում իրականացնող ընկերությունները: Նախկինում կառուցապատման ոլորտը չի մտել այս ծրագրի ֆինանսավորման շրջանակի մեջ: Բացի այդ, փոխում ենք առաջին ծրագրի տրամաբանությունն այնպես, որպեսզի այս ծրագրի շահառու դառնան այն ընկերությունները, որոնք դեռևս չեն վերականգնվել կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարություններից»,- ասաց Քերոբյանը:
Քերոբյանը տեղեկացրեց, որ ծրագիրը մշակվել է Կենտրոնական բանկի հետ համատեղ:
«Կարևոր նախապայման կա. ընկերությունները պետք է 90-օրա ժամկետում դառնան բաժնետիրական և սկսեն ներդնել իրենց մոտ կորպորատիվ կառավարման սկզբունքները»,-ասաց Քերոբյանը: