Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարեց, որ գործադիրի կատարած մի շարք բարեփոխումներ չարաշահվում են: Նա հիշեցրեց, որ կառավարությունը ներդրել է միկրոբիզնեսի համակարգը, որի նպատակը փոքր ընկերություններին աջակցելն էր, որպեսզի նրանք ավելի հեշտությամբ դառնան ավելի խոշոր ու հաջողակ:
«Նման կարգավիճակ ստանում են այն ընկերությունները, որոնք ունեն տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն: Նաև այդ սեգմենտի համար եկամտային հարկի տարբերակված ցուցանիշ ենք սահմանել՝ նպատակ ունենալով աջակցել փոքր բիզնեսին: Բայց, ցավոք, նման դեպքերում տեսնում ենք, որ, օրինակ՝ տարեկան 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններն այս օրենսդրական փոփոխություններից օգտվելու կամ, ավելի ճիշտ՝ չարաշահելու համար՝ կիսվում են 4 մասի ու դառնում 4 հատ միկրոձեռնարկատիրական ընկերություն, որը մեր բարեփոխման նպատակից անդին է»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է այս թեմային անպայման անդրադառնալ՝ հարկային չարաշահումներ թույլ չտալու համար: «Մենք արդեն ունենք մշակած օրենքի նախագիծ ու պետք է այդ ուղղությամբ գնանք առաջ»,- ընդգծեց նա: