Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խոհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփմանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մինչ կառավարության նիստի օրակարգին անդրադառնալը, ուզում եմ ընդգծել, որ հուլիսի 17-ին հրապարակված որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184–Ա որոշումը:
Այսպիսով՝ ևս մեկ անգամ արձանագրվեց, որ արտահերթ ընտրությունները Հայաստանում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, և ընտրությունների վերջնական արդյունքներն արտահայտում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը:
Հիշեցնեմ, որ համաձայն միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականների, արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները եղել են հավասար, ապահովվել է լուսաբանման հավասար սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին:
Այսպիսով՝ 8-րդ գումարման Ազգային ժողովը կազմված կլինի 107 պատգամավորներից, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ:
Հարգելի գործընկերներ,
Սիրելի հայրենակիցներ,
Մեզ բոլորիս շնորհավորում եմ ճգնաժամային պայմաններում ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Շնորհավորում եմ «Հայաստան» դաշինքին և «Պատիվ ունեմ» դաշինքին խորհրդարան անցնելու առիթով:
Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային:
Հարգելի գործընկերներ,
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ընտրությունների արդյունքներով կայացված որոշման մեջ մի շարք կարևոր շեշտադրումներ է արել: Դրանցից այս պահին ուզում եմ անդրադառնալ ատելության խոսքին վերաբերող հատվածին: Մեջբերում եմ Սահմանադրական դատարանի որոշումից. «Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով վարչապետի սահմանադրական կարգավիճակը և լիազորությունների ծավալը Հայաստանի սահմանադրական ժողովրդավարության պայմաններում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ունեցած ազդեցությունը հանրային իշխանության մարմինների համակարգում, ընդգծում է նրանց կողմից գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ հայաստանյան քաղաքական խոսքում ատելության բռնության, վիրավորանքի և արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքի և վարքագծի որևէ դրսևորում, ներառյալ՝ նաև նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցվող խոսքում բացառելու նպատակով:
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից իրականացվող նախընտրական քարոզչությունն ուղղված է ընտրողների վստահությունը ձեռք բերելուն, ամրապնդելուն: Այս գործընթացում առանցքային դեր պետք է կատարի տնտեսական, սոցիալական, պաշտպանական և այլ բնագավառներում քաղաքական ուժերի ծրագրային դրույթների մասին ընտրողների իրազեկումը և այդ դրույթների առարկայական քննարկումը՝ չբացառելով նախընտրական քարոզչության ժամանակ սուր քննադատական խոսքը, որը սակայն չպետք է ուղեկցվի ատելության, բռնության, վիրավորանքի և արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքով և վարքագծով: Ընդ որում, նշված գործընթացի արդյունավետության ապահովման հարցում մեծ դեր ունեն ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը»: Մեջբերման ավարտ:
Բոլորիս ուշադրությունը հրավիրում եմ այն փաստին, որ տվյալ գնահատականը վերաբերում է ոչ միայն նախընտրական քարոզարշավին, այլև ընդհանրապես՝ քաղաքական խոսույթին ու վարքագծին:
Որպես խոհրդարանական ընտրություններում հաղթած, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող և ժողորդի կողմից ընտրված վարչապետ, ուզում եմ ասել հետևյալը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովում և Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության, բարեկեցության և զարգացման: Մենք վճռական ենք ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունները լիարժեք կատարելու գործում և պատրաստ ենք համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Ինչպես գիտեք, արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունն ինստիտուցիոնալ տեսք է ստանում այս օրերին, իսկ խորհրդարանական ուժերի հետ հարաբերություններն ինստիտուցիոնալացված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով:
Ընդգծում եմ, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն ընդունում եմ Սահմանադրական դատարանի ուղերձը, և ինչպես քաղաքական, այնպես էլ օրենսդրական և իրավական անհրաժեշտ միջոցները կձեռնարկեն՝ Հայաստանը և նրա ժողովրդին ատելության խոսքից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված խոսույթից զերծ պահելու համար: