ԵՊԲՀ գիտխորհրդի անդամների հետ համատեղ անցկացվել է հանդիպում աշխարհահռչակ բիոտեխնոլոգ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանի հետ:
ԵՊԲՀ մասնագետների և հայազգի գիտնականի հետ քննարկվեցին հասարակությանը հետաքրքրող հարցեր՝ կապված պատվաստման գործընթացի, համաճարակային իրավիճակի, համավարակի ազդեցության, կորոնավիրուսի դեմ պատվաստումների հնարավորությունների մասին:
Հանդիպման մեկնարկին, բարձր գնահատելով բժշկագիտության ոլորտում ունեցած ներդրումն ու հաջողությունները, ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:
«Մեր հայրենակիցն ամենահայտնի պատվաստանյութերից մեկի ստեղծողն է»,- ընդգծել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ պատվաստումների հարցը համարելով օրակարգային:
Նրա խոսքով՝ հանրային լրջագույն խնդիր է ապահովել պատվաստումների այնպիսի ծածկույթ, որը հնարավորություն կտա նվազեցնել վիրուսի տարածման ռիսկերը:
Նուբար Աֆեյանն իր հերթին շեշտել է, որ հետաքրքրված է Հայաստանի հետագա ծրագրերով՝ հաշվի առնելով համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամը: «Պատվաստումների մասին պատկերացում կազմելու համար պետք է տարբերակել ճիշտ և սխալ տեղեկատվությունը: Կարևորը, որ որոշումները հիմնվեն գիտության վրա»,- շեշտել է նա՝ հավելելով. «Մեր ընկերությունը 10 տարի առաջ զբաղվում էր այնպիսի գործունեությամբ, որի նպատակն էր ստեղծել մի դեղամիջոց, որը մարդու բջիջներում կարողանա առաջացնել մեզ անհրաժեշտ սպիտակուցը: Մոտ 6 տարի առաջ աշխատեցինք մեր ստեղծած տեխնոլոգիան փորձել որպես պատվաստանյութ: Իրականում, մեր աշխատանքները սկսվել են ավելի վաղ, քան կորոնավիրուսային համավարակի ի հայտ գալը»,- ներկայացնելով պատվաստանյութի ստեղծման նախապատմությունն ու գրանցած հետագա հաջողությունները՝ նշեց Նուբար Աֆեյանը՝ ավելացնելով, որ Moderna-ն աշխարհի լավագույն պատվաստանյութ է ճանաչվել Պատվաստանյութերի համաշխարհային կոնգրեսում և շուրջ 500 միլիոն դեղաչափ արդեն օգտագործվել է կորոնավիրուսային համավարակի դեմ:
Նուբար Աֆեյանը պատասխանեց համալսարանականներին հետաքրքրող հարցերին: Հարցին՝ թե ինչպես է ազդում պատվաստանյութն արդեն վիրուսով հիվանդացած և լավացած մարդկանց վրա, Նուբար Աֆեյանը նշեց՝ տարբերությունն էական չէ:
Կա՞ արդյոք հակամարմինների նվազագույն շեմ, որն ինչպես պատվաստված, այնպես էլ արդեն վարակված մարդկանց կարող է պաշտպանել հարցին ի պատասխան՝ գիտնականը հավելեց, որ դեռևս ընդունված շեմ չկա, սակայն համավարակի ուսումնասիրությամբ զբաղվող տարբեր գիտական կենտրոններ աշխատում են այդ ուղղությամբ:
ԵԲՊՀ մասնագետների հնչեցրած հաջորդ հարցը վերաբերում էր կորնավիրուսի մուտացված տեսակներին և նրան, թե պատվաստումից հետո որքա՞ն ժամանակ է հնարավոր պաշտպանված լինել դրանից: Նուբար Աֆեյանն ասաց, որ այս հարցը նույնպես տարբեր ընկերությունների կողմից ուսումնասիրությունների առարկա է, և արդեն գոյություն ունեցող պատվաստանյութերը, որոնք հակամարմին են առաջացնում covid-19-ի դեմ, պետք է կատարելագործվեն վիրուսի մուտացված տեսակներից պաշտպանելու համար:
Ամփոփելով հարցերը՝ Նուբար Աֆեյանն ընդգծեց, որ չկա որևէ պատվաստանյութ, որն ամբողջությամբ անվտանգ է, ինչպես բժշկության մեջ ցանկացած միջամտություն: «Այս վիրուսի ազդեցությունը մարդու առողջության վրա վատ կամ ավելի վատ է: Ցանկացած պարագայում այն թողնում է որևէ հետևանք առողջության վրա: Հետևաբար պաստվաստանյութի բացասական ազդեցության ռիսկերն ավելի փոքր են»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է բարձրացնել մարդկանց պատասխանատվությունը հասարակության առաջ՝ չվարակվել և վիրուսը չփոխանցել ուրիշներին:
ԵՊԲՀ ռեկտորը կարևորելով պատվաստումների հանրայնացումը՝ նշեց, որ բոլորը պետք է գիտակցեն՝ վարակվելուց հետո առաջացած հակամարմինները ժամանակի ընթացքում սպառվում են, և համավարակի տարածման ռիսկերը մեծացնում են:
Նուբար Աֆեյանը պատասխանելով բժշկական բուհի ղեկավարի հարցին՝ ինչպե՞ս է հնարավոր ապահովել պատվաստումների ցանկալի ծածկույթ Հայաստանում, և ե՞րբ մեր երկրում կլինի Moderna տեսակի պատվաստանյութը, ընդգծեց, որ առաջին հերթին դա կապված է պետության ունեցած հնարավորությունների և համավարակի ռիսկերը ճիշտ գնահատելու հետ: «Մենք աշխատում ենք ՀՀ կառավարության և այն երկրների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել, որ Հայաստանը նույնպես հնարավորություն ունենա ձեռք բերել Moderna տեսակի պատվաստանյութը»,- եզրափակեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորը:
ԵՊԲՀ ռեկտորը կարևորելով հանդիպումը՝ շնորհակալություն հայտնեց հայազգի գիտնականին հյուրընկալվելու համար՝ հույս հայտնելով, որ հասարակությունը համավարակի դեմ պայքարում կունենա գիտակցված մոտեցում: