ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանդիպեց Հայաստանի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից 2 շաբաթ անց: Հենց այս հանդիպմանն էլ Պուտինը հայտարարեց, թե փոխզիջումային լուծումները միշտ էլ ամենաբարդն են: Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը, չի ներկայացվել, սակայն քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը մի քանի ոլորտ է ներկայացնում, որոնց մասին կողմերը կարող էին քննարկում ունենալ:
Ալեքսանդր Մարկարով, քաղաքագետ - Տվյալ դեպքում՝ դա Արցախի խնդիրն է, հայ-ադրբեջանական սահմանային ու նոր փուլ տեղափոխվող խնդրներն են, նաև գերիների վերադարձին վերաբերող հարցերը:
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանն այլ՝ հակառակ մոտեցում ունի: Նրա խոսքով՝ մինչև հիմա Ադրբեջանը զիջումների չի գնացել, ավելին՝ շարունակում է մնալ մաքսիմալիստական տրամադրությունների մեջ:
Բենյամին Պողոսյան, քաղաքագետ - ՌԴ հիմնական նպատակն է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ ստանալ դեպքի Թուրքիա և Իրան հաղորդակցության հավելյալ ճանապարհներ:
Մարկարովի գնահատմամբ՝ բանակցային բարդ թեմաներից են տարածաշրջանի ապաշրջափակման հետ կապված հարցերը:
Ալեքսանդր Մարկարով - Ադրբեջանը փորձում է մաքսիմալ արագ և իրենց համար մաքսիմալ շահավետ ձևով ստանալ Հայաստանի միջոցով ճանապարհ դեպքի Թուրքիա: Սա ևս մեկ բնագավառ է, որտեղ տեղի է ունենում բանակցային գործընթաց, սակայն այստեղ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ:
Ուշագրավ է, որ Ալիև-Պուտին հանդիպումից առաջ ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին, քննարկել Արցախի հարցը՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի պայմանավորվածությունների համատեքստում:
Բենյամին Պողոսյան - Ես չեմ տեսնում, որ Մինսկի խմբի համանախագահները ռեալ ցանկություն ունեն հարկադրելու Ադրբեջանին, որ վերսկսի բանակցություններ՝ առանցքում ունենալով կարգավիճակի հարցը: Եթե ցանկանում ենք Ադրբեջանին նման բան ստիպել, ապա կոնկրետ միջոցներ պետք է ձեռնարկվեն:
Փորձագետները համակարծիք են՝ Հայաստանի և Ադրբեջանի օրակարգերը տարբերվում են, և փոխզիջումները կողմերը տարբեր կերպ են պատկերացնում: