Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 18, թմրամիջոցի հայտնաբերման` 8, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 6-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, որսագողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կապված գործի կամ նյութերը դատարանում քննելու հետ՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի և դատավորին զրպարտելու, ծեծի, թմրանյութի իրացման, մշակումն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերն ապօրինի ցանելու կամ աճեցնելու և ընդերքի պահպանման ու օգտագործման կանոնները խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, սպանության փորձի, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, խարդախության և համակարգչային հանցագործության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: