Նոր որակ, լիազորություններ, նոր համազգեստ ու մեքենաներ. Երևանում գործարկվել է պարեկային նոր ծառայությունը: 4 գումարտակ, 700 պարեկ կհսկեն, կարգ ու կանոն կպահպանեն մայրաքաղաքում: Այն փոխարինելու է Ճանապարհային ոստիկանությանն ու Պարեկապահակետային ծառայությանը: Նպատակը հանրության անվտանգության ապահովումն ու ոստիկանի վստահելի կերպարի ձևավորումն է: Ծառայության պետի խոսքով՝ պարեկները լինելու են ամենուր:
Արթուր Ումրշատյան (ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ) - Պարեկները շրջելու են և՛ հետիոտն խմբերով, և՛ ավտոմեքենաներով, և՛ կարգավորելու են պիկ ժամերին մեր Երևան քաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը: Մի խոսքով, որտեղ որ տեսնենք, որ գլոբալ առումով հասարակության ընդհանուր անվտանգությանը վերաբերող խնդիր կա, մենք պարեկներին ընդգրկելու ենք այդ ուղղությամբ ծառայության:
5 ամիս խիստ ու հագեցած դասընթաց են անցել ու հիմա կազմ-պատրաստ սկսում են ծառայությունը: Ծառայության ղեկավար կազմը վստահեցնում է՝ դասընթացներն ու վերապատրաստումները շարունակական են լինելու:
Արթուր Ումրշատյան - Էն ծրագրերը, որոնք պարեկները անցել են 5 ամսվա ընթացքում, մշակված են միջազգային ստանդարտներին համապատասխան, և մեր արտասահմանյան գործընկերների կողմից հստակ չափորոշիչներ են սահմանված եղել, և քննություններով ապացուցել են, որ արժանի են:
Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ծրագիրը Կառավարությունը հաստատել է 2020-ի ապրիլին: Իրագործմանն էլ աջակցեցին միջազգային տարբեր գործընկերներ՝ թե՛ ֆինանսական, թե՛ փորձի փոխանակման առումով: 700 տեղի համար դիմել էր մոտ 2500 քաղաքացի, ընդունելությունն էլ 4 տարբեր քննական թեստերի դրական արդյունքի դեպքում էր հնարավոր: Հենց այսպես՝ խիստ մրցակցային պայմաններում էլ ձևավորվեց ծառայությունը:
Ամալյա Հովսեփյան (ՀՀ ԱՆ միջազգային իրավական գործակցությունը համակարգող խորհրդական) - Այս նյութատեխնիկական հագեցվածությունը ինքնանպատակ չէր, զուտ գեղեցիկ շղարշի համար չէր արված, այլ յուրաքանչյուր ատրիբուտ, որ այսօր կա պարեկային ծառայողի վրա՝ լինի տակտիկական գոտու թե տեխնիկական հագեցվածությունը, ունի իր նպատակը՝ պաշտպանել քաղաքացուն և լավագույնս ապահովել մեր հասարակական անվտանգությունն ու մեր քաղաքացիների ապահովությունը:
Պարեկային ծառայություն գործարկելու ընդհանուր արժեքը մոտ 13 մլն դոլար է: Համազգեստից մինչև տեխնիկական վերազինում՝ հստակ մշակված ծրագրով աշխատել են ոստիկանի կերպարի վրա: Պատասխանատուներն ընդգծում են՝ կարևոր է, որ բոլորը հասկանան, պարեկն այլևս միայն տուգանող չէ:
Ամալյա Հովսեփյան - Իր խնդիրը տարբեր իրավիճակներում ճիշտ հմտություններ, ճիշտ մարտավարական լուծումներ գտնելն է: Եվ ինչն է ամենակարևորը, մեր պարեկները լինելու են այսպես կոչված մտածող ոստիկաններ, տարբեր իրավիճակներում ոչ թե զանգելու են ղեկավարին, ասեն՝ ի՛նչ անենք, տվյալ իրավիճակում տվյալ խնդրից բխող տալու են արագ լուծումներ:
1-02 համարն անփոփոխ է, գործառույթը՝ նոր. գործելու է միասնական օպերատիվ կառավարման կենտրոնը, որը կլսի ու կհամակարգի քաղաքացու յուրաքանչյուր ահազանգ: Պարեկների պարտականությունները կանոնակարգով են սահմանվում, օրինակ՝ պարտավոր են օգնել ճանապարհին մնացած՝ խափանված մեքենաների վարորդներին:
Ռոբերտ Եղիազարյան (Ոստիկանության ավագ պարեկ) - Նկատեցինք, որ քաղաքացին վթարային ազդանշանները միացրած կանգառ է կատարել: Մոտենալով քաղաքացուն՝ ցանկացանք ճշգրտում կատարել, թե ի՛նչ խնդիր է առաջացել նրա մոտ: Քաղաքացին հայտնեց, որ մեքենայի ակը ծակված վիճակում է, և համապատասխան սարքավորումներ չունի, որ խնդիրը վերացնի: Մենք տրամադրեցինք սարքավորումները:
Իսկ, օրինակ՝ խախտում հայտնաբերելուց ու կանգնացնելուց հետո, եթե վարորդը իջնի մեքենայից՝ պարտադրելու են վերադառնալ ղեկին ու սպասել հրահանգների:
Ռոբերտ Եղիազարյան - Քանի որ պարեկային ծառայությունը նոր է Հայաստանում, պետք է քաղաքացիներին մոտենանք նոր, ավելի ժամանակակից մոտեցումներով, հնարավորության դեպքում՝ քաղաքացիների հանդեպ ավելի նվազ նշանակություն ունեցող, եթե կիրառվում է, վարչական տույժեր կիրառենք: Միանշանակ մենք դրանով կբարձրացնենք վստահությունը, և քաղաքացիները կսկսեն օրինականությունը պահպանել:
Մեքենայում էլ՝ երկու հոգով են, մեկը՝ նորեկ և մյուսը՝ համակարգում աշխատելու փորձով:
Խաչատուր Պետրոսյան (Ոստիկանության պարեկ) - Առաջին տպավորությունը շատ դրական է, աշխատում ենք քաղաքացիներին աջակցել, մեր իրավասության սահմաններում, զգում եմ պատասխանատվությունը, պատրաստ եմ իմ ամենօրյա աշխատանքով աջակցել մեր քաղաքացիներին:
Հուլիսի 7-ին պարեկային ծառայությունը գործարկվեց միայն Երևանում, սակայն սա դեռ սկիզբն է: Շուտով կհայտարարվի Լոռու և Շիրակի մարզերի պարեկային ծառայության ուսանողների ընդունելություն: Ըստ ծրագրի նախատեսում են 2022-ին ծառայությունը գործարկել ամբողջ երկրում: