Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը խորհրդարանի արտահերթ ընտրության վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Շնորհավորելով Հայաստանի բոլոր քաղաքացիներին արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունների համար՝ կենտրոնական վարչությունը ներքաղաքական գերշիկացած մթնոլորտում անցնցում ընտրությունների անցկացումը ժողովրդի համար մեծագույն հաղթանակ է համարել:
Հնչակյան կուսակցությունն անընդունելի և դատապարտելի է որակել որոշ քաղաքական գործիչների և մի շարք հոգևորականների՝ ընտրողների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու պիտակավորումները:
«Շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական թիմին՝ ընտրություններում արձանագրած տպավորիչ հաղթանակի կապակցությամբ և համոզված ենք, որ վարչապետին տալով իշխանության նորոգված մանդատ, ընտրողը հստակ պատգամ է ուղարկում առ այն, որ մեր ռազմագերիների տունդարձի, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման, Արցախի խնդրի մշտական և արդար լուծման, Հայաստանի անվտանգության և ապահովության ամրապնդման կողքին, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և կաշառակերության դեմ պայքարը մնում են առաջնահերթություն, և 2018 թվականին սկսված գործը պետք է հասցնել ավարտին»,- ասված է հայտարարության մեջ: