Տավուշի մարզից Լոռի էքսկուրսիա գնացած ու ճանապարհին սննդային թունավորում ստացած աշակերտների ու նրանց ծնողների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից: 16 հոգի՝ աշակերտ ու ծնող, թունավորվել էին տանը պատրաստված հավի մսով փլավից, որը հետները Տավուշից Լոռի էին հասցրել: Չէր թունավորվել միայն վարորդը, ով հրաժարվել էր հայտնի փլավից:
Նունե Բակունց, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ - Մարդիկ տանը պատրաստած ուտելիքը պահել են առանց ջերմային պատշաճ պայմանների այս տաք պայմաններում: Այն ժամանակահատվածում, որ անցել է ուտելիքը պատրաստելուց մինչև ուտելը, որոշակի միկրոբներ են աճել՝ բոլորի մոտ բերելով որոշակի հիվանդացություն:
16 հոսպիտալացվածից 10-ն արդեն դուրս է գրվել, մյուսները շարունակում են ստացիոնար բուժումը: Մասնագետները հիշեցնում են. ամռան շոգն ամենաբարենպաստ պայմանն է միկրոբների զարգացման ու տարածման համար: Ցանկացած տեսակի մթերք՝ ճաշ լինի, թե խմորեղեն՝ հատկապես կրեմով, չի կարող սառնարանից դուրս, այս ջերմային պայմաններում, վնասակար չլինել:
Անգին Խաչատրյան, Սրճարանի խոհանոցի պատասխանատու - Ամեն ինչ թարմ ենք մատուցում, սա պանիրների և մսերի սառնարանն է, սառեցման աստիճանը բավականի բարձր է: Նման դեպքեր չեն եղել:
Հատկապես զգույշ ենք մսամթերքի հետ՝ ասաց սրճարանի խոհանոցի պատասխանատուն: Տնօրենն էլ կողքից ավելացրեց, թե տիկին Անգինի մաքրությանն ու խստապահանջությանը չկասկածեք:
Ամռան շոգին օրգանզիմն ի վիճակի չէ շատ միս, կաթնամթերք յուրացնել՝ բացառությամբ թանի, որ զովացնում է, միաժամանակ լրացնում սպիտակուցի ու բնական աղերի պակասը: Այս եղանակին ամենաշատ երաշխավորվող մթերքը միրգն է ու բանջարեղենը:
Լավ չլվացված սպասքը, սառնարանից դուրս մնացած, ոչ թարմ մթերքը, կիսամաքուր միրգը, կեղտոտ ձեռքերը, ամեն ինչ ուժեղ շոգերին կարող է թունավորման պատճառ դառնալ: Թարմ օրինակներ՝ վերջերս մանկապարտեզներում մասսայական թունավորումներն ու Տավուշից Լոռի էքսկուրսիայի դեպքը: