«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ տարբեր բնակավայրերում արձանագրված հոսանքազրկումների վերաբերյալ: Նշվում է, որ հոսանքազրկումների պատճառը համակարգային-վթարային անջատումն է Վրաստանից, որի հետևանքով ժամը 21:49-ին հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր:
Ըստ ՀԵՑ-ի տարածած տեղեկության՝ էլեկտրամատակարարումը վերականգնվել է ուղիղ 5 րոպե հետո: Ի դեպ՝ պարզաբանումից հետո ևս Երևանում և մարզերում հոսանքազրկման դեպքեր են գրանցվել:
Մնացական Մնացականյան, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի» տնօրեն - ՀԵՑ-ն ունի Վրաստանից էլեկտրաէներգիա ներկրելու պայմանագիր: Շիրակի, Արագածոտնի և Լոռվա մարզերն էլեկտրաէներգիա են ստանում վրացական էներգոհամակարգից՝ կղզիացված վիճակով: Հայաստանը Վրաստանին կապող գիծը վթարային անջատվել է 21:49-ին, մի քանի րոպե հետո միացում տվեցինք, էլեկտրասնուցումն իրականացրինք հայկական էներգոհամակարգի կողմից: Վրացական գծի այդ մասով հիմա էլեկտրաէներգիա չեն ստանում: Հավանական է՝ իրենց տարածքում է վթարը տեղի ունեցել: