«Քվեարկությանը կարող ենք հետևել տեսախցիկների օգնությամբ: Առկա է բավական մեծ ակտիվություն, որովհետև տեսախցիկների դիտարկումներով պարզ երևում է՝ ընտրողներն ակտիվ մասնակցում են քվեարկությանը»,- «Լուրերի» թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Նա անդրադարձավ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերին՝ նշելով, որ փորձում են դրանց օպերատիվ արձագանքել: «Հատկապես քվեարկության օրվա հետ կապված կարևոր է օպերատիվ գործելը, և եթե նկատվում են ինչ-ինչ խնդիրներ, թիվ մեկ անհրաժեշտությունը հանգամանքների արագ, լիակատար բացահայտումն է և, անհրաժեշտության դեպքում՝ ցուցումներ տալը»,- ասաց Մուկուչյանը՝ պնդելով, որ խախտումների մասին ահազանգերի բնույթի մասին կխոսեն դրանք ամփոփելուց հետո: