Հայաստանը գինու պատմության թանգարան կունենա

ԱԱրման Գալոյան

Աստվածաշնչյան պատումի համաձայն՝ Նոյն Արարատից իջնելուց հետո առաջինը խաղողի որթ տնկեց, հետո խաղողից գինի քամեց, խմեց ու հարբեց, և դա տեսան նրա որդիները: Հայկական լեռնաշխարհում գինի ստացել են անհիշելի ժամանակներից, և դրա մասին հարյուրավոր պատմահնագիտական նյութեր կան: Վայրի խաղողը տնայնացնելուց մինչև գինին ծիսական նշանակության համար կիրառելն ու աստվածներին, թագավորներին որպես տուրք հեղելը, անտիկ աշխարհի կենցաղմշակութային կարևոր բաղադրիչներից էր:

Մհերի դուռն է կամ Խալդի աստծո դարպասները, Իրականում Հայաստանի գինու պատմության թանգարանի մուտքն է, որի առաջին ցուցանմուշը Առատաշենի հնավայրում գտնված խաղողի ածխացած կորիզներն են՝ ավելի քան 8000 տարեկան: Նոր հիմնադրված թանգարանը դռներն այցելուների առաջ կբացի որոշ աշխատանքեր ավարտելուց հետո. ասում է տնօրեն Հայկ Գյուլամիրյանը:

Մհերակերտ դռներն այցելուներին տանելու են ուղիղ գետնի տակ՝ ժայռակերտ սրահները, որտեղ մեր նախնիները հնեցրել են գինին: Թունելի աջ ու ձախ հատվածներում ներկայացված են աշխատավորական գործիքներ, իսկ ստորին հատվածում ուրարտական շրջանն է՝ գիներգործության ծաղկման ժամանակահատվածը:

Թանգարանի տեղանքը պատահական չի ընտրվել: Արագածի ստորոտը խաղողագործության հնագույն կենտրոններից է: Հայաստանի բարձրագույն գագաթից իջնող առվակների վրա անգամ նախաքրիստոնեական հուշարձաններ կան՝ վիշապաքարեր, որոնք հսկում էին ջրի աներեր հոսքը դեպի այգիներ:

Թունելի վերջնամասում ենք՝ 8 մետր խորությամբ ստորգետնյա բազալտե ապարների արանքում: Հետնամասում Փարաջանովի ժայռուղին է լինելու, որտեղ պատերին ցուցադրվելու են հանճարի «Նռան գույնը» ֆիլմի՝ խաղող քամելու տեսարանները: Ցուցասրահում արդեն իսկ կավե ու արծաթե ռիտոններ են, ուրատական սեպագիր ու վիմագիր արձանագրություններ, գինու տարապաններ ու մագաղաթյա ձեռագրեր:

Թանգարանից դուրս արդեն սյունազարդ հրապարակն է, սյուների քիվերը ծածկված են Արևմտյան Հայաստանի Ախթամարի Սուրբ խաչ եկեղեցու բարձաքանդակների ճշգրիտ կրկնօրինակ աշխատանքներով:

«Հացն ու գինին, տեր կենդանին՝ կանչեց Մհեր ու զարկեց թուր կեծակին»: Էպոսի այս հերոսական դրվագն ու գինու առկայությունը ևս կարևոր փաստ են հայկական մշակույթում գինու ծիսական նշանակության մասին: Հենց դրա համար էլ թանգարան տանող դռները, որոնք շուտով բաց կլինեն այցելուների առաջ, ճիշտ և ճիշտ Մհերի դռան նախատիպով են կառուցել՝ հույսով, որ այս անգամ Մհերն իրեն երկար չի սպասեցնի:

Հեղինակ՝ Արթուր Հովհաննեսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում