ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր նախընտրական հանդիպումներ է ունեցել Կոտայքի մարզում: Փաշինյանը Հրազդանում կայացած հանդիպմանը նշել է, թե ժողովուրդը Հայաստանում այսօր ձեռնարկել է նոր հեղափոխություն։
«Այդ հեղափոխությունն էլի ոչ բռնի է, էլի ժողովրդական է, բայց այժմ ոչ թե թավշյա, այլ պողպատե հեղափոխություն է։ Եվ մենք ակնկալում ենք, որ ժողովուրդը 2018 թ. տված թավշյա մանդատը կփոխարինի պողպատե մանդատով, և մենք այդ պողպատե մանդատով ՀՀ-ում կհաստատենք իրավունքի և օրենքի դիկտատուրա»,- հայտարարել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այսօր խաղասեղանին դրված չէ կառավարության ճակատագիրը, այսօր խաղասեղանին դրված է ժողովրդական իշխանության ճակատագիրը։
«Ձեզնից յուրաքանչյուրը պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ արդյոք ինքը քաղաքացի՞ է, արդյոք ինքը վերցնո՞ւմ է պատասխանատվություն Հայաստանի ապագայի համար, արդյոք ինքը տե՞ր է մեր անկախությանը, արդյոք տե՞ր է մեր ինքնիշխանությանը, արդյոք տե՞ր է մեր ապագային։ Եվ մենք համոզված ենք, որ Հայաստանում կա՛ ապագա»,- հայտարարել է նա: